14/10/2023 16:45
Եվրոպական ֆինանսավորմամբ Հայաստանում անցկացվող վարժանքներն ավարտվեցին
Ավարտվեց «Երկարաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» HOPE 2023 FEX միջազգային լայնամասշտաբ հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը, հայտնում են ՆԳՆ-ից։
Հաղորդագրությունում նշված է նաև․
«Հոկտեմբերի 10-ից 11-ը Հայաստանում անցկացվեց «Երկարաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» լայնամասշտաբ «HOPE 2023 FEX» միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքի գործնական փուլը, որը շուրջ երկու տարի տևած բազմափուլ ծրագրի հիմնական միջոցառումն էր։
Ծրագրի համակարգման աշխատանքները հանձն էր առել Կիպրոսի Եվրոպական Համալսարանը, իսկ կազմակերպչական և վարժանքի իրականացման աշխատանքները վստահված էին Հայաստանի Հանրապետության ՆԳՆ փրկարար ծառայությանը։
Ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվեց Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (DG-ECHO) կողմից UCPM-ի՝ Միության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով։
Աղետին արձագանքելու նպատակով վարժանքին մասնակցեցին ավելի քան 300 փրկարարներ և փորձագետներ կոնսորցիումի անդամ երկրներից՝ Հայաստանից, Կիպրոսից, Ֆրանսիայից, Հունաստանից, Մոնտենեգրոյից և Հյուսիսային Մակեդոնիայից։ Վարժանքին ներգրավվեց նաև Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
Հոկտեմբերի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանդիպեց միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքի պատվիրակությունների ղեկավարներին։ Նախարարը բարձր գնահատեց գործընկեր երկրների աշխատանքը վարժանքի կազմակերպման գործում և հատուկ շնորհակալություն հայտնեց Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությանը (DG-ECHO) և հյուրընկալված երկրների ղեկավարությանը համագործակցության համար։
Վահե Ղազարյանն ընդգծեց, որ ամենօրյա կամավոր պատրաստվածությունն ու բարձր կարգապահությունը փրկարարական աշխատանքի կարևորագույն գործոններից են, որոնց միջոցով հնարավոր է հասնել առավել արդյունավետ գործողությունների իրականացման՝ մարդկային կյանքերի փրկության գործը դարձնելով գլխավոր նախապայման։
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանը ՆԳՆ փրկարար ծառայությունում ընդունեց Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (DG-ECHO) պատվիրակությանը՝ Ֆրեդերիկ Հարոլդի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՓԾ տնօրենի տեղակալները:
ՓԾ տնօրենն իր երախտագիտությունը հայտնեց «HOPE 2023 FEX» ծրագրի կոնսորցիումի պատասխանատուներին և ԵՄ պատվիրակության ղեկավարներին մարդասիրական նպատակներով իրականացվող վարժանքի կազմակերպման, Հայաստանը որպես ընդունող երկրի ընտրման, ցուցաբերած աջակցության, խորհրդատվության, մենթորական գործունեության, ինչպես նաև գործընթացի բարձր մակարդակով կազմակերպման համար:
Ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին մասնակցում էին ծրագրի միջազգային համակարգող ղեկավար կազմը և ՆԳՆ ՓԾ պատասխանատու ծառայողները:
Լայնածավալ վարժանքը մեկնարկեց ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի ակտիվացման միջոցով։ Իրականությանը մոտեցված սցենարն օգնեց կազմակերպել 36 ժամ տևողությամբ անդադար իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներ Երևան քաղաքում և Կոտայքի մարզում տեղակայված պայմանական ավերիչ երկրաշարժից տուժած տարածքներում և վարժահրապարակներում, ինչպես նաև մշակութային ժառանգություն ունեցող հուշահամալիրներում, հատուկ կարիքներով երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց հաստատություններում։
Վարժանքի ավարտին ուսումնավարժանքի ղեկավար կազմը, շնորհավորելով մասնակիցներին և կազմակերպիչներին ուսումնավարժանքի բարձր մակարդակով անցկացման կապակցությամբ, հանձնեց մասնակցության հավաստագրեր։
«Նմանօրինակ վարժանքները նպաստավոր նախապայմաններ են ստեղծում և հնարավորություն են ընձեռում բարելավելու և ամրապնդելու ոչ միայն Հայաստանի և մասնակից գործընկեր կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանվածության պատրաստվածությունը, այլև՝ որոնողափրկարարական թիմերի արձագանքելու կարողությունները խոշոր և ավերիչ աղետների դեմ պայքարում, ինչը պահանջում էր միասնական արձագանքման համակարգում՝ համապատասխանեցված Միության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին` (UCPM) և ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) ձևաչափին»,- նշեց լայնածավալ հրամանատարաշտաբային ուսումնավարժանքի ղեկավար, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։
Ուսումնավարժության ղեկավարն արձանագրեց․ «Արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում հրատապ որոշումների կայացումը, համընդհանուր կարողությունների, փորձի և ռեսուրսների փոխանակումը, նորարարական մեթոդների և տեխնիկաների կիրառումը՝ համատեղ զորավարժությունների ժամանակ, կարող են հանգեցնել միջազգային համագործակցության ընթացակարգերի արմատական բարելավմանը և ուժերի մոբիլիզացման գործընթացի ճկունությանը»:
Տ․ Պետրոսյանը հավելեց․ ««HOPE 2023 FEX» համալիր գործողություններն ընթացան նախապես ծրագրավորված ընթացակարգերով, չնայած որ ի հայտ եկան որոշակի դժվարություններ և բարդություններ, այնուամենայնիվ թիմերը պատվով հաղթահարեցին խոչընդոտները և պատրաստակամորեն կատարեցին իրենց առջև դրված խնդիրները, ինչը մեր միջազգային գործընկերների կողմից նույնպես բարձր գնահատականի արժանացավ»։
Ամփոփելով աշխատանքներն ուսումնավարժանքի ղեկավարն ընդգծեց․ «Լայնածավալ վարժանքը համարում եմ կայացած, քանի որ առաջին հերթին այն հնարավորություն տվեց ներկայացնելու Հայստանի Հանրապետության՝ որպես միջազգային թիմեր ընդունող երկրի կարողությունները և պատրաստվածությունը, ինչպես նաև հայ փրկարարների և գործընկեր երկրների թիմերի արդյունավետ փոխհամագործակցությունը, արագ արձագանքման հնարավորությունները, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կամավորական ջոկատների համակարգված և միասնական գործողությունները՝ նման աղետալի իրավիճակներում»։
«Վստահ եմ, որ համակողմանի կառավարմանն ուղղված վարժանաքն արդյունավետ հարթակ կձևավորի կողմերի միջև՝ նպաստելով աղետների ռիսկի նվազեցմանը և երկրների աղետները կանխարգելելու կարողությունների բարելավմանը, ինչպես նաև բնակչության հանրային իրազեկվածության բարձրացմանը»,-ասաց փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունվարին և իր առաքելությունը կավարտի 2023 թվականի դեկտեմբերին»։