14/10/2023 12:18
Տավուշ. «անկլավների» փոխանցումն Ադրբեջանին հղի է Հայաստանի համար աղետալի հետևանքներով (Տեսանյութ)
Տավուշի մարզը մեզ դիմավորեց աշնանային պայծառ անտառով։ Լանջերը ներկված էին Սարյանի նկարները հիշեցնող գույներով՝ կիտրոնից ու ոսկուց մինչև բորդո և շագանակագույն։ Ճանապարհին անսովոր քիչ մեքենաներ կան, նույնիսկ աշխատանքային օրվա համար, գրում է news.am-ը։
«Ավանդույթի համաձայն՝ նախ գնում ենք Գենյա տատիկին այցելելու։ Գենյա տատիկը՝ իմ բազմաթիվ ռեպորտաժների հերոսուհին, ապրում է Կայանում (այժմ՝ Այգեհովիտ համայնքի մաս): Երկհարկանի տունը, որտեղ ապրում է տատիկը, մի փոքր հեռու է գտնվում։ 30 տարի, չնայած բազմաթիվ հրապարակումներին, տանը ո՛չ ջուր է մատակարարվել, ո՛չ գազ։ Այսպես են ապրում մարդիկ՝ ջուրը դույլերով կրելով և վառարանի վրա տաքացնելով։ Բազմիցս խոստացել են գազ ու ջուր մատակարարել։ Հատկապես ընտրություններից առաջ գալիս ու խոստանում են, բայց բանը խոստումից այն կողմ չի անցնում:
Վառարանը տեղադրված է տան «տեխնիկական մասում» պահարանում։ Մտնում ենք ներս, դուռը պետք է բաց թողնել, վառարանը ուժեղ ծուխ է արձակում։ Գենյա տատը ուրախանում է հյուրերին տեսնելով, սուրճ է դնում եւ թուզ ու կորոլյոկ հյուրասիրում։ Մրգերը աճեցնում են սեփական ձեռքերով, նրանց հատուկ համ է հաղորդում այն փաստը, որ դրանք աճեցվում են կյանքի համար վտանգավոր պայմաններում։
Տնից եւ ամբողջ բնակավայրից շատ մոտ Ադրբեջանի հետ շփման գիծն է։ Թեեւ բավականին ժամանակ է, ինչ հարաբերական անդորր է հաստատվել, սակայն անհանգիստ հարեւանի կողմից սադրանքներ ամեն պահի կարելի է սպասել։ Շենքը գնդակոծության հետքեր ունի։ Սովորաբար կենսուրախ, չնայած իր պատկառելի տարիքին, մշտական ռիսկին և առօրյա բազմաթիվ խնդիրներին, Գենյա տատիկն այսօր սովորականից ավելի տագնապած է։ «Կոմանդոսը չդիմացավ այս ամենին, (Արցախյան առաջին պատերազմում Շուշիի ադրբեջանական օկուպացիայից ազատագրելու ծրագրի հեղինակ Արկադի Տեր-Թադևոսյանը մահացել է Շուշիի կորստից անմիջապես հետո՝ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո), վախենամ՝ ես էլ չդիմանամ»,- կա՛մ կատակում էր, կա՛մ լուրջ ասում Գենյա տատը։
Բացի Արցախի կորստի համազգային ողբերգությունից, մարզի բնակիչները մտահոգվելու լրացուցիչ պատճառ ունեն. «Անկլավների» մասին քննարկումները շարունակվում են արդեն մի քանի տարի և վերջին շրջանում ակտիվացել են։ Վարչապետի վերջին հարցազրույցը խնդրին առանձնապես հստակություն չբերեց:
Տավուշի մարզում կան, այսպես կոչված, անկլավային գյուղեր։ Դրանցից մի քանիսը դժվար է գյուղ անվանել՝ մի քանի հովիվների տներ են: Նման երկու «գյուղեր»՝ Սոֆուլուն և Բարխուդարլուն, ընդհանուր առմամբ, մեկուկես տասնյակ տներ, գտնվում են Այգեովիտի անմիջական հարևանությամբ՝ Բերդ տանող ճանապարհի աջ և ձախ կողմերում։
Իշխանություններից կոնկրետություն չկա, բայց խոսակցությունները շատ են։ Եթե նախկինում խոսվում էր կոմունիկացիաների բացման մասին, հենց այս հատվածով է անցնում նախկին եղբայրական հանրապետություն տանող ճանապարհը, և երկաթուղու մնացորդները պահպանվել են, ապա այժմ խոսքը բոլորովին այլ բանի մասին է։ Մեր բոլոր զրուցակիցները միաբերան կրկնեցին, որ խոսքը ադրբեջանական անցակետեր տեղադրելու մասին է...»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։