16/10/2023 11:50
Նիկոլ Փաշինյանի հեռացման միակ ճանապարհը իմպիչմենտի գործիքակազմի կիրառումն է, ինչը ենթադրում է փողոցային ճնշում ՔՊ խմբակցության վրա. Հայկ Մամիջանյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման միակ ճանապարհը իմպիչմենտի գործիքակազմի կիրառումն է։
«Դա ենթադրում է փողոցային ճնշում, փողոցային ճնշում ՔՊ խմբակցության վրա ու դրանով Փաշինյանի հեռացում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Մամիջանյանը։
Թե ինչո՞ւ է ընդդիմադիր խմբակցության ղեկավարն այս ճանապարհը համարում ամենահավանական ու հնարավոր տարբերակը՝ նա պարզաբանեց. «Փաշինյանը չունի պետականամետ մտածողություն, չունի հայամետ մտածողություն, իրեն չի հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում երկրում, ուստի՝ միակ հույսը, իմ համեստ կարծիքով, փողոցային ճնշման միջոցով ՔՊ խմբակցությունից 18-19 ձայն կորզելն է»։
Հարցին՝ որևէ քննարկում եղե՞լ է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ, որ վերջիններս միանան գորընթացին, որը կարող է սկսել ընդդիմությունն ԱԺ-ում՝ Մամիջանյանն արձագանքեց. «Եկեք ես դրա մասին մանրամասներ ու փակագծեր չբացեմ, բայց, ամեն դեպքում, փողոցային պայքարն ու փողոցի ճնշումը ՔՊ-ի վրա այս գործընթացի կարևորագույն բաղադրիչներն են»։
Դիտարկմանը, որ վերջին ցույցերի ժամանակ հազարավոր մարդիկ էին փողոցում ու պատրաստ էին պայքարել, ինչո՞ւ մարեց շարժումը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց, թե կոնտր-պրոդուկտիվ է համարում հրապարակային մեկնաբանել այս կամ այն ընդդիմադիր գործընթաց։
«Վստահեցնում եմ ձեզ, որ ցանկացած գործընթացից հետևություններ արվել են, արվում են ու դրանք հաշվի են առնվում», - հավելեց Հայկ Մամիջանյանը։