16/10/2023 18:10
«Ընդունում ենք, որ դա ՀՀ ինքնիշխան տարածքն է, բայց կարևոր է, թե ինչպես է հայկական կողմն ապահովելու միջանցքով տեղաշարժի անվտանգությունը»․ Ալիևի ներկայացուցիչը «Զանգեզուրի միջանցքի» թեման է բարձրացրել
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը BBC-ին տված հարցազրույցում կրկին բարձրացրել է «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Ալիևի ներկայացուցիչը նշել է, թե իրենք ընդունում են, որ դա ՀՀ ինքնիշխան տարածքն է, բայց ակնկալվող «միջանցքով» անվտանգության հարցն են կարևորում։
«Մենք ընդունում ենք, որ դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Բայց մեզ համար կարևոր է իմանալ՝ ինչպես է մյուս կողմն ապահովելու միջանցքով երթևեկության անվտանգությունը։ Մեզ անհրաժեշտ են հուսալի երաշխիքներ յուրաքանչյուր ուղևորի անվտանգության համար, ով գնացք կնստի՝ երթևեկելու Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ»,- ասել է Ալիևի ներկայացուցիչը։
Ամիրբեկովի խոսքով՝ Բաքուն պատրաստ է բանակցությունների, բայց եթե Հայաստանը ձգձգի գործընթացը, ապա Ադրբեջանը պատրաստ է երթուղի կառուցել Իրանի տարածքով։