16/10/2023 18:55
Ամեն ինչ կորցրինք, գոնե Արցախի պետական համալսարանը փրկենք. Աշխեն Ասրյան
Արցախի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահը, ուսանողական խորհրդի նախագահը պահանջում են վերականգնել բուհի ուսանողների կրթություն ստանալու իրավունքը՝ վերաբացելով Արցախի մայր բուհը։
Համալսարանը հիմնադրվել է 1969 թվականին, 1988 թվականին ժամանակավորապես դադարեցվել է կրթական գործընթացը, բայց չի լուծարվել, գործել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտին կից, ի՞նչն է խանգարում, որ հիմա էլ համալսարանը պահպանի կարգավիճակը։ ԱրՊՀ-ն Արցախի այցեքարտերից էր, պետականության խորհրդանիշներից, ամեն գնով պիտի փրկել այդ խորհրդանիշը։ Հարցին, թե ինչու չպետք է լուծարել համալսարանը, մեր ուսանողներից մեկը պատասխանեց՝ ուզում ենք մեր ցավը միասին հաղթահարել,- Aysor.am-ի հետ զրույցում ասում է ԱրՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Աշխեն Ասրյանը։
Վերջինս ընդգծում է՝ համալսարանի բոլոր ուսանողների հետ կապը կա, ուսանողական խորհրդի նախագահի հետ միասին բոլորի անունից վստահորեն հայտարարում են՝ բոլորի՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների նպատակն ու ցանկությունը մեկն է՝ ՀՀ-ում վերաբացել համալսարանը՝ նույն կարգավիճակով։
«Ոգևորիչ է, որ Հայաստանում իրենց ոլորտի լավագույն մասնագետները զանգում, պատրաստակամություն են հայտնում կամավոր հիմունքներով դասավանդել ԱրՊՀ-ում, դա կարող է նոր լիցքեր հաղորդել ներկա ու ապագա ուսանողներին։ Հիմա պարզապես առաջնային է հասկանալ՝ ինչ ճակատագիր է սպասվում բուհին»։
Մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողն ասում է՝ անպայման ուզում է ուսումնառությունն ավարտին հասցնել Արցախի մայր բուհում. ամեն ինչ կորցրել են, գոնե այդ հնարավորությունից չզրկեն իրենց։
«Ես երկու անգամ եմ տեղահանվել, 44-օրյա պատերազմից հետո կորցրինք Շուշին, այդուհանդերձ դեկտեմբերին վերադարձա Արցախ՝ Ստեփանակերտ։ Այն օրերին էլ, իհարկե, դժվար էր, բայց կար գիտակցում, որ հայրենիք վերադառնալու հնարավորություն ունենք։ Հիմա ավելի դժվար է, ճիշտ է, հիմա էլ մայր Հայաստանում ենք, բայց առանց Արցախի չենք պատկերացնու մեր ապագան։
Արցախի պետական համալսարանը փրկելը ապագային ուղղված կարևոր քայլ է, ինստիտուցիոնալ հնարավորություն է Արցախի Հանրապետության գաղափարը կենսունակ պահելու։ Այդպիսի պարտավորություն ունենք նաև մեր այն ուսանող ընկերների, դասախոսների հիշատակի առջև, որոնց շիրիմները մնացին Արցախում»։