16/10/2023 10:29
Ավինյանը խոստացավ անձամբ զբաղվել մետրոյի վագոնների համար գումարի հատկացման հարցով (Տեսանյութ)
Անցնող շաբաթվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 563 407 ուղևոր, գիծ է դուրս բերվել 2 758 գնացք, կատարողականը` 118 տոկոս, Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին զեկուցեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:
«Իսկ ձեր ընդհանուր տեխնիկական վիճակն ինչպիսի՞ն է», - հետաքրքրվեց Տիգրան Ավինյանը։
«Այնքան էլ լավ չի, սպասում ենք` պահեստամասեր ստանանք, որոշ վագոններ կան, որ պետք է վերանորոգենք, սպասում ենք` կառավարության կողմից ֆինանսավորում լինի», - արձագանքեց Սեդրակյանը։
Նա հայտնեց, որ մեկ անգամ արդեն ֆինանսների նախարարությունից մերժել են իրենց այն հիմնավորմամբ, որ ֆինանսական այդ հատկացումը հաջորդ տարվա բյուջեում են նախատեսում: Սեդրակյանը տեղեկացրեց, որ ուրբաթ օրը դիմել են ՏԿԵՆ։
«Հրատապ է, չունենք անվազույգեր», - նշեց Սեդրակյանը։
Ավինյանը խոստացավ անձամբ զբաղվել այդ հարցով։