16/10/2023 20:04
«Հորդորում ենք լինել զգոն, չտրամադրել բանկային քարտի վերաբերյալ տեղեկություններ»․ Կիբերհանցագործության նոր մեխանիզմ է գործի դրվել (Տեսանյութ)
Ոստիկանությունը հայտարարել է․
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում լայն տարածում է գտել բարեգործական հիմնադրամների անվան ներքո քողարկված հանցավոր նոր մեխանիզմ, որը ենթադրում է ֆիշինգային կեղծ հղում, որտեղ լրացվում են բանկային քարտի բոլոր տվյալները, ինչի արդյունքում հանցագործները հասանելություն են ստանում քաղաքացիների ֆինանսական միջոցներին։
Հարկ է նշել, որ նշված հանցավոր մեխանիզմը տարածված է սոցիալական ցանցերում և առավել հաճախ գովազդի տեսքով հանդիպում է ֆեյսբուք սոցիալական ցանցում, որտեղ առաջարկվում է անցել գովազդում նշված հղումով և լրացնել բանկային քարտի տվյալները՝ ներառյալ բանկային քարտի հակառակ կողմում առկա ՍՎՎ կոդը։
Հորդորում ենք մեր հայրենակիցներին, սոցիալական ցանցերում լինել առավել զգոն, խուսափել կեղծ բարեգործական հիմնադրամներից առաջարկվող ֆինանսական աջակցություններից, հատկապես երբ հիշյալ իբր աջակացությունը ենթադրում է նաև բանկային քարտի վերաբերյալ տեղեկությունների տրամադրում։
Հորդորում ենք նաև մանրակրկիտ ուսումնասիրել ցանկացած առցանց բանկային գործարք և ուշադիր լինել բանկայի գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակումից»։