16/10/2023 22:16
«Կապանում Ռուսաստանի հյուպատոսությունը կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»․ Հանդիպում է տեղի ունեցել Սյունիքում
Հայաստանում ՌԴ դեսպանատնից հայտնում են, որ Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու կապակցությամբ հանդիպում է կազմակերպվել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների և Կապանի քաղաքապետի միջև։
«2023 թվականի հոկտեմբերի 16-ին կայացել է Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման համար ձևավորված ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավարի և Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հանդիպումը։
Մանրամասն քննարկվել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը, որը զգալիորեն կպարզեցնի հյուպատոսական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի հարավում բնակվող ՌԴ քաղաքացիների համար։ Նշվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև՝ մշակութային, հումանիտար, առևտրատնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը»,- նշված է հաղորդագրությունում։