16/10/2023 15:32
Փորձում ենք վերականգնել Արցախից տեղահանված ուսանողների կրթության իրավունքը, նոր բուհ հիմնելը տարիներ կտևի. ԱրՊՀ ռեկտոր
Ներկայումս մեզ համար առաջնայինն Արցախից տեղահանված ուսանողների կրթության իրավունքը վերականգնելն է, հայաստանյան բուհերում նրանց ուսուցումն ըստ մասնագիտությունների կազմակերպելը, իսկ թե ինչ կլինի Արցախի պետական համալսարանի հետագա ճակատագիրը՝ դեռևս հայտնի չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը։
«Ես ամենօրյա կապի մեջ եմ ԱՀ կրթության, գիտության նախարարի և հայաստանյան բուհերի ղեկավարների հետ: Մեր ուսանողները ներկայումս կցագրվում են այլ բուհերի, առայժմ՝ առանց որևէ փաստաթղթի, նստում են դասերի՝ առանց անուն-ազգանունները մատյաններում գրանցելու, որպեսզի իրենց կրթության իրավունքը չխախտվի: Եթե այս ամիս չհասցնենք նրանց տեղավորել հայաստանյան բուհերում, ապա ուսանողները ստիպված կլինեն մեկ տարի կորցնել»,-պարզաբանեց ռեկտորը:
Արմեն Սարգսյանը նշել է, որ Արցախի պետական համալսարանի հնարավոր վերագործարկման հարցով դեռևս չի հաջողվում հանդիպել Հայաստանի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ:
«Առայժմ սպասում եմ նախարարի հետ հանդիպմանը: Արցախի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում շարունակելու համար պետք է կառավարության որոշում լինի: Եթե որոշումը չեղավ, չենք կարող համապատասխան հավատարմագրում անցնել, լիցենզիա ստանալ, հետևաբար չենք կարող նաև շրջանավարտներին դիպլոմներ տրամադրել», - ասել է Սարգսյանը՝ նկատելով, որ այդ գործընթացը հնարավոր է առնվազն երկու տարի տևի:
«Մենք չենք կարող 1600 ուսանողի մեկ-երկու տարի սպասեցնել, մինչև փաստաթղթերը պատրաստենք, նոր բուհ հիմնենք, սա շատ բարդ և ժամանակատար գործընթաց է, իսկ եթե մասնավոր բուհի կարգավիճակով մեր գործունեությունը շարունակենք, հարց է՝ արդյո՞ք Արցախից տեղահանված ուսանողներն ի վիճակի կլինեն ուսման վարձ վճարել և այլն», - ասել է Սարգսյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։