16/10/2023 12:00
Շահումով խաղերի ոլորտում աճի տեմպը կտրուկ ընկել է՝ արձանագրելով 7 և 14 տոկոս աճ
Վիճակախաղերի ու շահումով խաղերի ոլորտում աճի տեմպը կտրուկ ընկել է. ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց պատգամավոր Գևորգ Պապոյանը։
«Եթե նախկինում մենք երկրաչափական պրոգրեսիայով էինք աճում, հետո դարձել ենք թվաբանական պրոգրեսիայով, հիմա ընդամենը սիմվոլիկ տոկոսներով է։ Կտրուկ աճի տեմպը կոտրվել է, հիմա մոտենում ենք զրոյական աճի փուլին», - ասաց նա՝ «Վիճակախաղերի մասին» օրենքում, ինչպես նաև «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկմանը։
Պապոյանը նշեց, որ նախագծով էականորեն սահմանափակում են խաղալու հնարավորությունը մարդկանց համար, ովքեր չունեն այդ գումարը խաղալու համար, կամ չեն ուզում երևա, որ իրենք խաղում են։
Նշվեց, որ նախագծով նախատեսվում է անձի նույնականացում, ըստ որի՝ անձը միայն իր քարտով պետք է խաղադրույք անի։
Ըստ նրա՝ նախորդ ընդունված օրենքների մշակումներն աշխատել են։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը հաստատեց, որ աճի տեմպը ընկել է՝ նշելով, որ ընդհանուր ծառայությունների ոլորտն աճել է 14%-ով, շահումով խաղերի ոլորտն աճել է 7%-ով։ «Չնայած նրան, որ աճը կա, բայց այն աճը չէ, որ համարվի հիմնական ծառայությունները քարշակող ոլորտ», - ասաց նա։