16/10/2023 13:19
«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի» կողմից առաջարկվող վերապատրաստման ծրագրերը շարունակական են լինելու
Հոգեբանական աջակցության նորարական մեթոդներից մեկի՝ «նարատիվային թերապիայի» առանձնահատկություններն արդեն պարզ են նաեւ մի խումբ հայ մասնագետների համար: «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 2-13-ը Երեւանում կայացավ «նարատիվային թերապայի» վերապատրաստման բացառիկ դասընթաց, որին մասնակցեցին 30-ից ավելի փորձառու հոգեբաններ ու սոցիալական աշխատողներ:
Դասընթացը հաջողությամբ յուրացրած մասնակիցներին շնորհվեցին ավարտական վկայականներ՝ «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» ու «Դալվիչ կենտրոնի» կողմից։
Երկու շաբաթ շարունակ հայ մասնագետներին վերապատրաստել են «Դալվիչ կենտրոնի» առաջատար մասնագետներ Դեյվիդ Նյումանը (Սիդնեյ) եւ Սառա Փորթնոյը (Լոնդոն)։ Շնորհակալություն հայտնելով մասնակիցներին ու Դալվիչ կենտրոնի դասընթացավարներին՝ «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» գործադիր տնօրեն Հովհաննես Նիկողոսյանն ասաց. «Մեր հիմնադիրները գլոբալ նպատակ են հետապնդում. վերափոխել հետտրավմատիկ սթրեսի հաղթահարման արդի մոտեցումները։ Իբրեւ ցեղասպանություն վերապրած, իսկ ներկայումս էլ ինքնության ճգնաժամի նոր դժվարություններով անցնող, բայց հարուստ պատմություն ունեցող առաջին քրիստոնյա ժողովուրդ, մենք կարծում ենք, որ պարտավոր ենք մեր պատմական փորձառության ու հոգեկան առողջության արդի մոտեցումների հիման վրա կառուցել հետտրավմատիկ հոգեւոր աճի նոր մոտեցումներ՝ օգնելով նախ ինքներս մեզ, իսկ հետո նաեւ այլ ժողովուրդների»։
Նարատիվային թերապիայի մեթոդը շուրջ երեք տասնամյակ աշխարհի տարբեր երկրներում կիրառվում է հետտրավմատիկ սթրես, դեպրեսիա, տագնապ, վիշտ ունեցող մարդկանց հետ աշխատանքում եւ ունի ապացուցված դրական ազդեցություն շահառուների տարբեր խմբերի համար։ Վերապատրաստման ծրագրի արդյունքում մշակվել է նաեւ Հայաստանում շահառուների տարբեր խմբերի համար հոգեկան առողջության վերականգնման մեթոդաբանություն, որը հարստացվելու է հայոց պատմությանը, մշակույթին ու ավանդույթներին վերաբերող բովանդակությամբ։
Մոտակա շաբաթներին ավարտելով նախապատրաստական աշխատանքները՝ վերապատրաստված հոգեբանների, սոցաշխատողների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանաների ու այլ մասնագետների մասնակցությամբ կազմակերպելու են համայնքային դիմակայունության բարձրացման ու խմբային աջակցության հանդիպումներ Երեւանում ու մարզերում։ Այս ծրագրի նպատակն է փորձել աջակցել պատերազմի ու ներկա ճգնաժամի հետեւանքով տուժած մեր հայրենակիցներին՝ օգնելով հաղթահարել հետտրավմատիկ սթրեսն ու դժվարությունները, ուժեղացնել ներհամայնքային միասնությունը։
Հիմնադրամի ծրագրերն ու վերապատրաստման դասընթացները կլինեն շարունակական:
«Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» գլոբալ առաքելությունն է վերափոխել հետճգնաժամային իրավիճակներում հոգեկան առողջության վերականգնման վերաբերյալ արդի մոտեցումները եւ առաջարկել ավելի լավ լուծումներ։ Հիմնադրամը մշակում եւ իրականացնում ենք նորարարական ծրագրեր՝ հետճգնաժամային հոգեկան ամոքման, անձնային աճի եւ համայնքային դիմակայունության բարձրացման նպատակով։
Հիմնադրամը ստեղծվել է 2022թ հուլիսին ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի եւ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համագործակցությամբ։