16/10/2023 16:14
Կազմակերպել և ղեկավարել էր մանկության ընկերոջ սպանությունը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2019թ. Դիլիջան քաղաքի բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:
«Այսպես. 2019թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, անհայտ անձը (անձինք), Դիլիջան քաղաքում գործող ռեստորանի դիմաց, սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինի պահվող ինքնաձիգից կրակահերթ էր արձակել նույն քաղաքի բնակչի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս և ընկերը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը՝ Դիլիջան քաղաքի բնակիչ Մ.Խ.-ն, մահացել էր:
Իրականացված քննչական անհրաժեշտ գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Դիլիջան քաղաքի բնակիչներ՝ Ա.Բ.-ն, Մ.Խ.-ն և Ա.Ղ.-ն եղել են մանկության ընկերներ: 2019թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Մ.Խ.-ն և Ա.Ղ.-ն Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում գործող գազալցակայանում հանդիպել են Ա.Բ.-ին, որտեղ վերջինիս և Ա.Ղ.-ի միջև վիճաբանություն է առաջացել։ Դրա ընթացքում Ա.Բ.-ն իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել Ա.Ղ.-ի ուղղությամբ՝ պատճառելով հրազենային մարմնական վնասվածքներ: Վիճաբանությանը միջամտել է Մ.Խ.-ն և Ա.Բ.-ին հեռացրել մի կողմ, որից հետո վերջիններիս միջև ձևավորվել են լարված փոխհարաբերություններ:
Ա.Ղ-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ա.Բ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որի ընթացքում նա բնակվել է ընկերոջ ընտանիքին պատկանող հյուրանոցային համալիրում՝ միաժամանակ կազմակերպելով մանկության ընկերոջ՝ Մ.Խ.-ի սպանությունը և այդ ուղղությամբ ձեռնարկելով նախապատրաստական մի շարք գործողություններ։ Սպանությունից մոտ 3 ամիս առաջ մեկ այլ ընկերոջ միջոցով նա գնել է «ՎԱԶ 2107» մակնիշի խոտանված ավտոմեքենա, որի մեջ թաքցրել է ինքնաձիգ, սակայն մինչ Մ.Խ.-ի սպանության դեպքը, 2019 թվականի դեկտեմբերի 16-ին, նշված ավտոմեքենան իրավապահների կողմից հայտնաբերվել է, որի մեջ հայտնաբերվել է նաև փամփուշտներով լիցքավորված նշված ինքնաձիգը:
Այնուհետև Ա.Բ.-ն, շարունակելով հանցավոր մտադրությունը կյանքի կոչելու գործողությունները, ներգրավել է ինքնությունները չպարզված այլ հանցակիցների և ղեկավարել նրանց արարքները:
Մասնավորապես՝ վերջիններիս հետ նա ձեռք է բերել հանցավոր համաձայնություն և այդ նպատակով 2019թ․ դեկտեմբերի 23-ին, հանցագործության միջոց ծառայելու համար, ձեռք է բերել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենա՝ այն տրամադրելով ինքնությունները չպարզված նշված անձանց։ Վերջիններս ղեկավարվելով և հրահանգավորվելով Ա.Բ.-ի կողմից, 2019թ․ դեկտեմբերի 24-ի երեկոյան, Դիլիջան համայնքի Կալինինի փողոցում գործող ռեստորանի մոտ նկատելով Մ.Խ.-ի ավտոմեքենան, դարանակալել են և ժամը 21:00-ի սահմաններում ռեստորանից Մ.Խ.-ի դուրս գալուն պես հիշյալ անձանցից մեկն ինքնաձիգից կրակահերթ է արձակել Մ.Խ.-ի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս և նրա ընկերը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ Մ.Խ-ն ստացած 9 միջանցիկ հրազենային վնասվածքներից մահացել է: Դեպքից հետո սպանությունն իրականացրած անձինք նույն ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Նախաքննության ընթացքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է: Դեպքի վայրի և հիշյալ տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են փամփուշտի պարկուճներ, ինչպես նաև՝ քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ առարկաներ։
Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի հայտնաբերման վայրից հանցագործներին «UAZ 31519» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է վերջիններիս ծանոթ, նույն քաղաքի բնակիչը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Սպանությունն իրականացրած անձի, հանցագործությանն օժանդակողների, ինչպես նաև ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու մասով նախաքննությունը շարունակվում է», - ասվում է հաղորդագրությունում։