17/10/2023 17:33
Ամբողջ աշխարհն ասում է, թե ով է հանձնել Արցախը և ինչպես են հանձնել․ Ի՞նչ կապ ունեն նախկին նախագահները․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում արձագանքեց այն մեղադրանքներին, որոնք գործող իշխանությունն ուղղում է Արցախի իշխանություններին՝ նրանց մեղադրելով Արցախի կորստյան մեջ։
«Ով այդպիսի փորձեր է անում, կներեք բառիս համար, նա ղալաթ է անում։ Ամբողջ աշխարհն ասում է, թե ով է հանձնել (Արցախը-խմբ․) և ինչպես են հանձնել»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահը հավելեց՝ գործող իշխանություններն ամեն ինչ կարող են փորձել ՝ մեղքն իրենց վրայից գցելու համար, այլ հարց է, թե այդ փորձերը հաջողվում են, թե ոչ։
«Ի՞նչ կապ ունեն նախկին նախագահները՝ հանձնելու հետ։ Սա՝ մեկ հանգամանք։ Երկրորդ հանգամանքը՝ խորհրդարանում ընտրված վերջին նախագահը ի՞նչ պետք է աներ, և ընդհանրապես՝ մնացած փոքր բանակով, փոքր զինված ուժերով արդյոք ի վիճակի՞ էր Արցախը դիմակայել Ադրբեջանին։ Իհարկե, ի վիճակի չէր։ Այսինքն, իրենց (ՀՀ իշխանությունների-խմբ․) ցանկությունը ո՞րն էր, որ նրանք մինչև վերջին մարդը կռվեին, զոհվեին, իսկ այն կանայք ու երեխաներն էլ դառնային թուրքի «փա՞յ»։ Դա՞ է այս մարդկանց ցանկությունը եղել»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։