17/10/2023 14:24
Ոմանք ձև են անում, թե չեն հասկանում՝ ինչու ԼՂ հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները, սա ցինիզմի է նման. Նիկոլ Փաշինյան
Չափազանց ցավալի է, որ բոլորս ի վիճակի չեղանք կանխել հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում, Եվրախորհրդարանի լիագումար նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ կառավարությունը, ԵԽ-ն բազմիցս են ահազանգել ԼՂ-ում մոտալուտ էթնիկ զտումների մասին, ՀՀ-ն ապօրինաբար արգելափակված Լաչինի միջանցք ու ԼՂ փաստահավաք խումբ ուղարկելու բազմաթիվ կոչեր է հղել ՄԱԿ-ին, ԵՄ-ին, ԵԱՀԿ-ին, բայց ոչ մի կառույց այդպես էլ նման որոշում չկայացրեց։ Լեռնային Ղարաբաղն այլևս հայաթափված է», - ասաց վարչապետը։
Նա նշեց, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր 1 շաբաթվա ընթացքում լքեցին իրենց տներն ու բնօրրանը, ևս 20 հազարը ԼՂ-ից ստիպված էին եղել հեռանալ 44-օրյա պատերազմից հետո, մի մասն էլ Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով ԼՂ վերադառնալու հնարավորություն չունեցավ։
«Այսօր ոմանք ձև են անում, թե չեն հասկանում՝ ինչու ԼՂ հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները, նման հարցադրումն ինքնին ցինիզմի է նման, որովհետև պատասխանն ավելի քան պարզ է՝ Ադրբեջանը հստակ ու աներկբա ի ցույց էր դրել հայերի կյանքը ԼՂ-ում անհնարին դարձնելու իր որոշումը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե չի ընդունում միջազգային որոշ պաշտոնյաների զարմացած դեմքերը ԼՂ-ում սեպտեմբերին տեղի ունեցած հայաթափման առիթով։
«Միևնույն ժամանակ, պետք է շնորհակալություն հայտնեմ ԵԽ-ին՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն իր անունով կոչելու համար, սա կարևոր է հայրենազրկման ենթարկված մարդկանց հետագա իրավունքները պաշտպանելու համար», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։