17/10/2023 10:20
«Մեզ համար անհասկանալի է, թե ինչ պրոցես է ընթանում». Գևորգ Ալթունյանը կալանավորվել է
ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական վարչության նախկին ղեկավար Գևորգ Ալթունյանը կալանավորվել է, այս մասին Aysor.am-ին ասաց նրա փաստաբան Գոռ Սաղոյանը։
Ալթունյանը կալանավորվել է երկու ամսով։
Առաջին ատյանի դատարանը տնային կալանք և գրավ էր կիրառել Ալթունյանի նկատմամբ, դատախազությունը, սակայն, բողոքարկել էր։
Պաշտպանության նախարարության լրատվական վարչության նախկին ղեկավարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
«Մենք մեղադանքի հետ համաձայն չենք, իրականության հետ կապ չունի։ Գևորգ Ալթունյանը տվել է մանրամասն ցուցմունք, պարզապես, քանի որ խոսքը վերաբերում է ՊՆ-ին, մանրամասներ չեմ կարող ներկայացնել», - նշեց փաստաբանը։
Նա ասաց, թե Գևորգ Ալթունյանի ու իր համար անհասկանալի է, թե ինչ է մեղադրանքի հիմքում։
«Մեզ համար անհասկանալի է, թե ինչ պրոցես է ընթանում, խոսվում է անապրանք գործարքների մասին, բայց ապրանքը կա, ու մենք քննիչին մանրամասն ներկայացրել ենք դա», - հավելեց Գոռ Սաղոյանը։
Նշենք, որ Գևորգ Ալթունյանն ու ևս 4 անձ, այդ թվում՝ Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը, մեղադրվում են ՊՆ գնումների գործընթացի արդյունքում «փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ»։