17/10/2023 15:00
Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել, Եվրախորհրդարանի լիագումար նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այս տարվա ընթացքում Բրյուսելում եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն ունենք, եւ եթե սկզբունքները պաշտոնապես վերահաստատվեն`մինչեւ տարեվերջ Հայաստան-Ադրբեջան խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը կդառնա խիստ իրատեսական», - ասաց նա։
Փաշինյանն ասաց, թե ՀՀ-ն պատրաստ է նաեւ բոլոր գերիների, պահվող անձանց եւ կալանավորված անձանց՝ բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին, պատրաստ է նաեւ սերտորեն համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում:
«Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած: Պատրաստ ենք համագործակցել ականազերծման հարցում: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ դեռ 2021 թվականին Հայաստանը Լեռնային Ղարաբաղից ստացել եւ Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ հայկական կողմի տրամադրության տակ առկա բոլոր քարտեզները: Մենք սա արել ենք առանց նախապայմանների, որպես բարի կամքի արտահայտություն, բայց, ցավոք, Ադրբեջանը դա ընկալեց ոչ թե որպես խաղաղությանն ուղղված քայլ, այլ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը սաստկացնելու առիթ», - շեշտեց վարչապետը՝ ընդգծելով՝ պետք է անսասան շարժվել դեպի խաղաղություն:
«Դա անելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք եւ ես ու Հայաստանի կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունն ունենք այդ քաղաքական կամքը», - ասաց նա։