17/10/2023 15:36
«Շատ բան ենք կորցրել՝ գերեզման, տուն, բայց հիմա մենակ երեխեքի մասին եմ մտածում». Զոհվածի կինը պատմում է Արցախի իր գեղեցիկ տան ու տեղահանության մասին
Սեպտեմբերի 25-ին, երբ արդեն որոշվեց Արցախի Մարտու շրջանի Խնուշինակ գյուղը ևս տարհանել, եղբոր մեքենայով երեք անչափահաս երեխաների հետ Տաթև Օհանյանն էլ տեղափոխվեց Ստեփանակերտ։ Aysor.am-ի հետ զրույցում Տաթևը պատմեց, որ ամուսնուն կորցրել է 44-օրյա պատերազմում։ Սեպտեմբերի 19-ից հետո երկու օր նկուղում մնալուց հետո, 4 օր սոված ու անքուն մնացին մեքենայում և միայն սեպտեմբերի 28-ին կարողացան Հայաստան հասնել։
«25-ին դուրս ենք եկել գյուղից, 28-ին նոր մտել Կոռնիձոր, կամուրջն անցանք։ 2 օր գիշերը Ստեփանակերտում մնացինք, ստեղ-ընդեղ, մեքենայում, սոված, խանութները դատարակ, մի քիչ պոպոք ու չիր էի վերցրել, մաքրում էի, որ երեխեքը ուտեն», - պատմում է նա։
44-օրյա պատերազմում զոհվածի կինը ասում է, որ 2016թ.-ին ամուսնու հետ վարկով տուն էին վերցրել. «22թ.-ին արդեն որպես զոհվածի ընտանիք պետությունը մեր տունը վերանորոգել էր, 2 հարկանի շատ մեծ տուն էր, ես էլ զինվորական թոշակը հավաքեցի, կահավորեցի տունը։ Ամեն ինչ տենց գեղեցիկ, դասավորած, կահավորած, փակեցի, մենակ բանալիներն ու մի տոպրակ հագուս վերցրինք, դուրս եկանք գյուղից»։
Նախ՝ Սիսիանում, ապա Մասիսում ծանոթի տներում 20 հոգով ապրելուց հետո, տեղափոխվում է երեխաների հետ «Հայորդի» ճամբար՝ Հանքավան, որտեղ զոհվածների ընտանքիներին 1 ամսով կացարան էր տրվում։ «Իմացա դրա մասին, զանգեցի՝ գնացինք երեխաների հետ, որտեղ պայթյունից, նաև պատերազմի զոհերի ընտանքիներ էին հյուրընկալվել։ Հետո միաժամանակ վարձով տուն էինք փնտրում, հիմա գտել ենք ու երեկ երեկոյան արդեն տեղափոխվել», - ասաց նա։ Մայրը ու 2 եղբայրները հիմա Մասիսում են ապրում։
Տաթևը նշեց, որ տեղավորվել են Պռոշյան գյուղում, տունը դատարակ է և ամեն ինչի կարիք ունեն։
«Վարունգ ու միրգ առա, որ երեխեքը ուտեն, աման չկար, որ հաց սարքենք։ Հին գազի պլիտա, հին մահճակալ գտանք, բերեցինք, դրեցինք, երկու հին վերմակ տվեցին՝ երեկոյան արդեն տեղավորվեցինք։ Սենյակը դատարկ է, ամեն ինչի կարիք էլ ունենք՝ սեղան, բազկաթոռ, լվացքի մեքենա, սառնարան, կահույք․․․, ոչինչ չկա։ Վարձը 150 000 դրամ է, տունը ուղղակի ջեռուցման համակարգ ունի, դրա համար է էտ գինը», - բացատրեց նա։
Անչափահասների մայրը, թեև, իր գեղեցիկ տան բանալին հետը բերել է, բայց հետ գնալու մեծ հույսեր չունի։ «Այնքան վատ օրեր ենք տեսել, հա, շատ բան ենք կորցրել, գերեզման, տուն, ամեն ինչ, բայց երեխեքի կյանքի ու խաղաղության մասին եմ մենակ մտածում։ Շատ է դժվար, այստեղ էլ մենակ՝ գնացող-եկող չկա, գյուղում ուրիշ էր, բայց հազիվ ազատվել ենք թշնամիների ճիրաններից», - ասաց նա։
Տաթևը երկու մասնագիտություն ունի՝ հայոց լեզվի, գրականության և տարրական կրթության և մեթոդիկայի մասնագետ է, գյուղի մանկապարտեզում էլ աշխատում էր, բայց այստեղ աշխատել դեռևս չի կարող։ «Երեխաները փոքր են, մինչև մանկապարտեզ տեղավորեմ, դպրոց... գյուղում մենակ մնում էին, հիմա չեմ կարող թողնել», - ասաց նա՝ նշելով, որ տղան փոքրն է՝ 5 տարեկան, աղջիկները 9 և 10 տարեկան են։
«Վաղվանից դպրոց կգնան, այսօր թղթերով էի զբաղված», - ասաց նա։