17/10/2023 13:56
Ձեր ներկայությունն այստեղ վկայում է, որ մենք հավատարիմ ենք Հայաստանին, իսկ դուք՝ եվրոպական ընտանիքին. Մեցոլան` Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հանդես եկան համատեղ ասուլիսով։
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ցավակցություն հայտնեց երեկ ահաբեկչության զոհ դարձած Շվեդիայի քաղաքացիների ընտանիքներին։
Նա հայտնեց, որ նիստի ժամանակ հարգանքի տուրք կմատուցեն։
«Հարգելի՛ Փաշինյան, մեծ պատիվ է Ձեզ ողջունել ժողովրդավարության տանը՝ Ստրասբուրգում։ Ձեր ներկայությունն այստեղ վկայում է այն մասին, որ մենք հավատարիմ ենք Հայաստանին, իսկ դուք հավատարիմ եք եվրոպական ընտանիքին։ Եվրոպական հարևանությունը ավելի քան երբևէ հիմա անկայուն է և անապահով, պատերազմ և ահաբեկչություն՝ այսպիսին է մեզ շրջապատող իրականությունը հիմա։ Սակայն ուզում եմ հավաստիացնել Ձեզ, որ Հայաստանը կարևորագույն գործընկեր է մեզ համար։ Եվրոպական արևելյան հարևանության շրջանակում մենք անվերապահ աջակցություն ենք հայտնում Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը։ Նախորդ շաբաթ մենք բանաձև ընդունեցինք, որով դատապարտեցինք ԼՂ-ի նկատմամբ հարձակումը։ Այժմ մեր ուշադրությունը կենտրոնացնենք ազնիվ և արդար բանակցությունների վերսկսման վրա։
Կոչ ենք անում հարգել հայերի իրավունքներն ու անվտանգությունը ԼՂ-ում։ Միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը և ԼՂ-ում բնակվել շարունակող հայերի համար միջազգային երաշխիքները կարող են օգնել խաղաղությանը և հաշտեցմանը։ Մենք հավատարիմ ենք մնում բոլոր առաջարկներին, որոնց նպատակն է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացումը՝ հիմքում ունենալով ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանային անխախտելիության և միջազգային ճանաչումը։ Եվրոպակ կշարունակի աջակցել Հայաստանին՝ այս իրավիճակը հաղթահարելու գործում», - իր խոսքում ասաց Մեցոլան։
Նա ավելացրեց, որ վարչապետ Փաշինյանի հետ խոսել են այդ մասին և իրենց աջակցությունն են հայտնել ԼՂ-ից եկեղ փախստականների հոսքի կապակցությամբ.«Վերահաստատեմ, որ կոչ ենք անում վերսկսել բանակցությունները ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրների վերաբերյալ՝ նպատակ ունենալով կնքել խաղաղության պայմանագիր։ Մենք ամբողջովին հանձնառու ենք մնում աջակցելու այդ բանակցություններին, որպեսզի տևական խաղաղություն ապահովվի՝ հանուն տարածաշրջանի մարդկանց։ Դուք 2018 թվականից առաջնորդում եք ձեր երկիրը և մենք բարձր ենք գնահատում ձեր երկրում ժողովրդավարական բարեփոխումները։ Այս պալատը կշարունակի աջակցել ՀՀ-ին այս ծանր ժամանակներում»։