17/10/2023 20:14
Ցանկություն և մոտիվացիա կար, բայց ամեն ինչ չէ, որ ստացվում էր․ Պետրակովը՝ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ խաղում պարտության մասին
Հայաստանի ազգային հավաքականը Ստրումիցայի «Բլագոյ Իստատով» ստադիոնում այսօր ընկերական խաղում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3:1 հաշվով։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն իր կարծիքն է հայտնել հանդիպման վերաբերյալ․
«Լավ ստուգողական հանդիպում անցկացրեցինք լավ թիմի դեմ։ Լավ մրցակից էր ընկերական խաղի համար։ Այս խաղում փորձարկեցինք երիտասարդ ֆուտբոլիստների։ Ցավոք՝ չենք կարող մեծ ռոտացիա կատարել թիմի կազմում։ Մրցակիցը ստիպեց մեզ խաղալ պաշտպանողական ֆուտբոլ, ես չէի ընտրել այդպիսի խաղաոճ։
Խաղում տեսանք մի շարք երիտասարդ ֆուտբոլիստների, որոնք մինչ այդ դուրս էին եկել հիմնականում փոխարինման։ Այսօր խաղացին, մեծ ցանկություն և մոտիվացիա կար, բայց ոչ բոլոր դրվագներում էր, որ ամեն ինչ ստացվում էր։ Նրանք երիտասարդ են, նրանց համար ամեն ինչ առջևում է։ Կվերլուծենք մեր սխալները և կշարժվենք առաջ»,- Պետրակովի խոսքերն է մեջբերել armsport.am-ը։