17/10/2023 15:04
Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը. եկեք շարունակենք կանգնած լինել ուս-ուսի. Նիկոլ Փաշինյան
ԵՄ-ն վերջին տարիներին Հայաստանի կառավարության հիմնարար բարեփոխումներին աջակցող առանցքային գործընկերն է, Եվրախորհրդարանի լիագումար նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ակնկալում ենք համագործակցության շարունակականություն ինչպես ոստիկանության, այնպես էլ փրկարար ծառայության, անկախ դատական համակարգի, կրթության եւ հանրային կառավարման բարեփոխումների ուղղություններով:
Եվրոպական միության հետ մեր հարաբերությունների օրակարգն իրականում շատ ծավալուն է», - ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ հոկտեմբերի 5-ին Գրանադայում ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար չափազանց կարեւոր երկու փաստաթուղթ է ընդունվել։
«Դրանցից մեկը նախագահ Միշելի, նախագահ Մակրոնի, կանցլեր Շոլցի եւ իմ քառակողմ հայտարարությունն է, մյուսը` նախագահ ֆոն դեր Լայենի եւ իմ երկկողմ հայտարարությունը: Երկու հայտարարություններում աջակցություն է հայտնվում ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը բոլոր հարթություններում՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից։ Մենք հանձնառություն ենք ստանձնել առավել ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները։ Երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը և Հայաստանը վճռական են ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ:
Այս ամենի վրա հիմնվելով՝ կարող եմ հստակ եւ համոզված հայտարարել` Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Նախագահ ֆոն դեր Լայենի հետ մեր համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն և Հայաստանը կանգնած են ուս-ուսի տված»: Եկեք շարունակենք կանգնած լինել ուս-ուսի՝ ժամանակները ավելի լավը դարձնելու հանձնառությամբ: Ինչպես ասացի, ես համոզված եմ, որ ժողովրդավարությունը կարող է ապահովել խաղաղություն, անվտանգություն, միասնություն, բարեկեցություն եւ երջանկություն: Եկեք միասին սա ապացուցենք: Կեցցե՛ ժողովրդավարությունը», - հավելեց Նիկոլ Փաշինյանը։