17/10/2023 14:18
Ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ և չենք ուզում դա որևէ կերպ հակադրել մեր տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ցավակցություն հայտնեց Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական ակտի կապակցությամբ, դատապարտեց այդ ահաբեկչությունը և իր զորակցությունը հայտնեց բոլոր տուժածներին։
«Հարգելի՛ տիկին նախագահ, նախ կրկին շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական խորհրդարանին՝ այս հրավերի և Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում հանդես գալու հնարավորության համար։ Դա մեզ կօգնի եվրոպական և միջազգային հանրության հետ կիսել մեր տեսակետներն ու մտահոգությունները, բայց այսօրվա ելույթում ցանկանում եմ շեշտը դնել առավելապես հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու հնարավորությունների վրա։
Այսօրվա իրադարձությունը կարևոր է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների համար և վկայում է այդ հարաբերությունների բարձր դինամիկայի մասին։ Կարևոր է ընդգծել, որ մեր հարաբերությունները հենվում են ընդհանուր արժեհամակարգերի վրա և ժողովրդավարությունը մեզ համար, ՀՀ-ի համար ռազմավարական ընտրություն է, և ոչ թե հանգամանքներով թելադրված պատեհություն։ Մենք ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ և չենք ուզում դա որևէ կերպ հակադրել մեր տարածաշրջանային հարաբերությունների խորացման, զարգացման տեսլականի հետ, այս առումով, կարծում եմ, հենման կետերը քիչ չեն։
Հայաստանի կառավարությունը հանձնառու է Հայաստան- Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիակատար իրականացմանը։ Վստահ եմ, որ Եվրամիությունը և Հայաստանը չեն սպառել համագործակցությունը, որակական նոր բովանդակությամբ համալրելու, այն ընդլայնելու և նոր մակարդակի հասցնելու հնարավորությունները։ Այսօր կխոսեմ նաև այդ մասին։ Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում ավելացել է նաև անվտանգային բաղադրիչ՝ ի դեմս Եվրամիության քաղաքացիական առաքելության, որը մոնիթորինգ է իրականացնում Ադրբեջանի և ՀՀ-ի պետական սահմանի երկայնքով։ Եվրոպական քաղաքական համայնքի, Գրանադայի համաժողովի, այսօրվա քննարկումների և Ձեր (Ռոբերտա Մեցոլա) ելույթի հայտարարության արդյունքում ակնհայտ է, որ Եվրամիության ինստիտուտների շրջանում Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու վերաբերյալ առկա է կոնսենսուս։ Հայաստանը նաև շահագրգռված է միջազգային իրավակարգի խթանման և զարգացման հարցում։
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Միջազգային քրեական դատարանի հիմնարար փաստաթուղթ հանդիսացող Հռոմի կանոնադրությունը։ Այս իմաստով, նշանակալի է նաև սեպտեմբերի 12-ին Հայաստանի խորհրդարանի կայացրած որոշումը՝ վավերացնել Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին թիվ 13 արձանագրությունը։
Մի շարք մարտահրավերների հաղթահարման գործում մենք ակնկալում ենք Եվրամիության ծանրակշիռ աջակցությունը։ Այլոց շարքում խոսքը ավելի քան 100 հազար հայերի, ԼՂ-ից բռնի տեղահանման հետևանքով ՀՀ-ում առաջացած հումանիտար պրոբլեմների հաղթահարման մասին է, որտեղ մենք հրատապ աջակցության կարիք ունենք։
Հարգելի՛ տիկին նախագահ, կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում Եվրամիությանը և Եվրոպական խորհրդարանին՝ Հայաստանի զարգացման օրակարգին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար և հույս ունեմ, որ այսօրվա ելույթը դրական խթան կհանդիսանա Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման համար։ Շնորհակալ եմ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։