18/10/2023 11:39
ԼՂ վերադառնալու Ադրբեջանի երաշխիքները դժվար է ընդունել. Human Rights-ը պատմում է մի ընտանիքի՝ վախից դրդված փախուստի մասին
Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունն առանձին հրապարկմամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի ընտանիքի՝ նշելով, թե ինչպես վախից դրդված տասնյակ հազարավոր այլ էթնիկ հայերի հետ, Ագնեսը և նրա ընտանիքը լքեցին Լեռնային Ղարաբաղը։
«Գալով Լեռնային Ղարաբաղից՝ վախից դրդված. Մի ընտանիքի թռիչքը դեպի Հայաստան» վերնագրած պատության հրապարկման նախաբանում Human Rights Watch-ը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղում բոլորի իրավունքները պաշտպանվելու են։
«Սակայն նման երաշխիքները տասնամյակների հակամարտությունից հետո դժվար է ընդունել՝ հաշվի առնելով Ադրբեջանում՝ ենթադրյալ հանցագործությունների անպատժելիությունը, ներառյալ ռազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակչության դեմ, Ադրբեջանի կառավարության՝ մարդու իրավունքների վիճակի ընդհանուր վատթարացումը, և Ադրբեջանի կողմից վերջերս պարտադրված տարածաշրջանի իննամսյա փաստացի շրջափակումը, որը հայ բնակչությանը թողեց առանց բավարար սննդի, դեղորայքի և վառելիքի»,-գրում է Human Rights-ը։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պատմում է ընտանիքի վախից դրդված փախուստի մասին, ճանապարհի դժվարությունների, սովի ու զրկանքների մասին. «22-ամյա Ագնեսա Ավանեսյանը՝ սև շապիկով, փայլուն «Եղիր երջանիկ» գրությամբ, ամաչկոտ ժպտում է փայտե սեղանի հետևից Հարավային Հայաստանի լեռնային գյուղերից մեկում՝ Տաթևում։ Նա իր ծնողների, պապի և չորս քույրերի հետ Լեռնային Ղարաբաղից ժամանել է սեպտեմբերի 28-ին և դեռևս «խցկված» բնակվում են հարազատների մոտ՝ գյուղական փոքրիկ տան մեջ»։
«Այսօր Հայաստանում Ագնեսան և նրա քույրերը խոսում են իրենց հայրենի գյուղի, կարտոֆիլով և այլ ապրանքներով լի նկուղի, իրենց հավերի, բադերի և սագերի մասին: Ի տարբերություն Ստեփանակերտի իրենց ընկերների, նրանք երբեք ստիպված չեն եղել սոված մնալ շրջափակման ժամանակ։ Բայց նրանց ընտանիքը թողել է ամեն ինչ։ «Ես չգիտեմ, թե ինչ ենք մենք պատրաստվում անել», - ասում է Ագնեսան: «Եթե մենք միայն կարողանայինք վերադառնալ մեր իրերը, մեր կենդանիներին վերցնելու համար… Բայց ինչպե՞ս կարող ենք դա անել: Ո՞վ է երաշխավորելու մեր անվտանգությունը։ Եթե այնտեղ ապահով լիներ մեզ համար, մենք երբեք չէինք թողնի մեր տունը», - փոխանցում է կազմակերպությունը։