18/10/2023 15:42
Adobe-ի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը այցելել է Վիվա-ՄՏՍ
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2022 թ․ հաղթող, Adobe-ի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը համատեղ մամուլի ասուլիսի մասնակցելու նպատակով հյուրընկալվել էր Վիվա-ՄՏՍ ընկերության գրասենյակում։ Շ․ Նարայենը հատուկ Հայաստան է ժամանել ՀՀ նախագահից իր մրցանակը ստանալու համար։ Մրցանակաբաշխությունը կայանալու է այսօր՝ հոկտեմբերի 18-ին։ Վիվա-ՄՏՍ ընկերությունը 13 տարի անընդմեջ հանդիսանում է մրցանակաբաշխության գլխավոր գործընկերը։
Adobe-ի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը այցելել է Վիվա-ՄՏՍ ոչ միայն ասուլիսին մասնակցելու, այլև հայկական ՏՀՏ համայնքի հետ մտքերով փոխանակելու համար: Ասուլիսի բանախոսներն էին Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն, մրցանակաբաշխության կազմակերպչական հանձնաժողովի համակարգող Հովիկ Մուսայելյանը, Adobe-ի ինժեներական գծով տնօրեն Արսեն Բաբայանը և մրցանակակիրը։
Ասուլիսի ընթացքում մրցանակակրին ողջունեց Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։ «Մեզ համար մեծ պատիվ է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի շրջանակում Հայաստան ժամանած պրն․ Շանտանու Նարայենին այսօր հյուրընկալել Վիվա-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում։ Այս միջոցառումը, որը Հայաստանում իրականացվում է արդեն 13 տարի անընդմեջ և որին նույնքան ժամանակ աջակցում է Վիվա-ՄՏՍ-ը, բարձր արժեք է ներկայացնում Հայաստանի համար՝ համաշխարհային տեխնոլոգիաների բնագավառում իր հեղափոխական և նորարարական ավանդի շնորհիվ: Միջոցառման ընթացքում մեր երկիր են այցելում ոլորտի առաջատարները, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի տեղը աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա։
Ներկայում աշխարհը գնում է թվային զարգացման ուղով։ Թվային փոխակերպումը առաջնահերթություն է ինչպես բիզնեսում, այնպես էլ ողջ աշխարհում ընդհանրապես։ Սա էլ իր հերթին ավելի է ընդլայնում հեռահաղորդակցության և տեխնոլոգիական այլ ընկերությունների գործունեության շրջանակը։ Որպես Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր՝ մենք դա շատ լավ հասկանում ենք և հետևողականորեն աշխատում ենք այդ ուղղությամբ։ Համոզված եմ, որ հայկական ՏՀՏ համայնքը մեծապես կշահի պրն․ Նարայենի այցելություններից։ Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այս մրցանակաբաշխության նախաձեռնողներին և կազմակերպիչներին», - նշել է Արմեն Ավետիսյանը։
«Մեծ պատասխանատվություն է ունենալ ՀՀ պետական մրցանակ և այն հանձնել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի այնպիսի հսկաների, ինչպիսիք են «Էփըլ Քոմփյութըր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը, «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը, այսօր՝ Ադոբ» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենին, մյուսները։ Հայաստանի համար մեծ պատիվ է ընդունել տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ մարդկանց, որոնք իրենց գործունեությամբ տեխնոլոգիաների զարգացման գործում մեծ փոփոխություններ և լուծումներ են ներդրել՝ դյուրացնելով, նոր հարթության վրա բերելով մարդկության կյանքն ու կենսակերպը: Նրանց ներկայությունը մեր երկրում գալիս է մեկ անգամ ևս փաստելու և ամրագրելու Հայաստանի ապագան՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող երկիր»,-ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
«Դժվար է հերքել, որ Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ, և որ մեր երկիրն ունի բոլոր նախադրյալներն ու անհրաժեշտ ռեսուրսները համաշխարհային խաղացող դառնալու համար։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի նման նախաձեռնությունները օգնում են կապեր ստեղծել և բարձրացնել Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիաների աճող կենտրոնի տեսանելիությունը։ Վստահ ենք, որ տարիներ անց այս հեղինակավոր մրցանակը ստացած հսկաները կվերադառնան Հայաստան՝ իրենց հետ բերելով բարձր տեխնոլոգիաների գերժամանակակից մշակույթը՝ այդպիսով բարձրացնելով մեր պետության վստահությունը և համաշխարհային ճանաչումը՝ որպես գիտելիքի և ինտելեկտի վրա հիմնված երկիր»,- ընդգծեց Հովիկ Մուսայելյանը։
«Ինձ համար մեծ պատիվ է լինել Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2022թ դափնեկիրը և միանալ նախկին նշանավոր մրցանակակիրների խմբին, ովքեր ձևավորել են բարձր տեխնոլոգիաների լանդշաֆտը: Այս մրցանակը ընդգծում է տեխնոլոգիաների առանցքային դերը՝ դրական փոփոխությունների առաջ մղման գործում՝ մարդկանց հնարավորություն տալով ստեղծագործել, սովորել, աշխատել և ապրել լիարժեք կյանքով: Adobe-ն հպարտ է իր ներդրումն ունենալ Հայաստանի՝ նորարություններով հարուստ ժառանգության մեջ, և ես իմ առաջիկա այցի ընթացքում ուրախությամբ կբացահայտեմ Հայաստանում հետագա տեխնոլոգիական աճի և նորարարության հեռանկարները»,-իր ելույթի ժամանակ նշեց Շանթանու Նարայենը։
Շանթանու Նարայենը միացել է Adobe-ին 1998 թվականին՝ որպես փոխնախագահ և ինժեներական տեխնոլոգիաների խմբի գլխավոր կառավարիչ։ 2005 թվականին նա դարձել է Adobe ընկերության նախագահ և գործադիր գործառնական տնօրեն, 2007 թվականին՝ գլխավոր գործադիր տնօրեն, իսկ 2017 թվականին՝ խորհրդի նախագահ։ Պարոն Նարայենը ԱՄՆ-Հնդկաստան Ռազմավարական գործընկերության ֆորումի փոխնախագահն է, ինչպես նաև հանդիսանում է Pfizer-ի խորհրդի անդամ: Նա նախկինում աշխատել է որպես Dell-ի տնօրեն, իսկ ավելի վաղ եղել է ԱՄՆ նախագահի կառավարման խորհրդատվական խորհրդի անդամ։ Պարոն Նարայենը մի շարք հրատարակությունների կողմից ճանաչվել է որպես աշխարհի առաջատար գործադիրներից մեկը, այդ թվում՝ Barron-ի աշխարհի լավագույն գլխավոր գործադիր տնօրենների և Fortune-ի տարվա գործարարների ցուցակներում, ինչպես նաև Glassdoor-ի կողմից ճանաչվել է լավագույն գլխավոր գործադիր տնօրեն՝ աշխատակիցների արձագանքների հիման վրա:
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի նախորդ տարիների մրցանակակիրներներն են․
- Քրեյգ Ռ. Բարեթ` «Ինտել» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ (2010)
- Ստիվ Վոզնյակ` «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր (2011)
- Ֆեդերիկո Ֆաջին` Synaptics ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ (2012)
- Ցուգիո Մակիմոտո` Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն (2013)
- Մարիո Մացցոլա` Զարգացման գծով նախագահ, Cisco systems (2014)
- Եվգենի Կասպերսկի` Գլխավոր տնօրեն, Kaspersky Lab (2015)
- Լուի Պուզեն` Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն, ինտերնետի և համացանցի նախահայրերից մեկը (2016)
- Թոնի Ֆադել` Թոնի Ֆադել – «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող (2017)
- Դոկտոր Ջեյմս Թրուշարդ՝ Նեյշնլ Ինսթրումենթս ընկերության համահիմնադիր (2018)
- Դոկտոր Տակեո Կանադե՝ Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր (2019)
- Դոկտոր Չի-Ֆուն Չան՝ Սինոփսիսի Գլխավոր գործադիր համատնօրեն (2020)
- Լեոն Ստոկ՝ IBM'-ի Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ (2020)