18/10/2023 19:05
Պարզ խորհուրդներ հայրիկներին՝ երեխայի դաստիարակության գործում. Հոգեբան
Անհրաժեշտ է, որ հայրիկը երեխայի կյանքի առաջին իսկ օրերից զբաղվի վերջինիս խնամքով: Սկզբում դա արտահայտվում է պարզ կերպով՝ լողացնել, շշով կերակրել. յուրաքանչյուր գործողություն պետք է ուղեկցվի երեխային ուղղված խոսքերով և ժպիտով, այդ մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Անուշ Կիրակոսյանը։
Խոսելով երեխայի դաստիարակության մեջ հայրիկների անմիջական ներգրավվածության մասին, հոգեբանը նշեց, որ այստեղ շատ է կարևորվում նաև մայրիկների աջակցությունը.
«Հայրիկները սովորաբար ավելի խիստ են իրենց վարվելակերպում, ուստի կարևոր է հետևել, թե որքան կտրուկ է խոսում հայրը: Բայց, նույնիսկ եթե համաձայն չեք հայրիկի դաստիարակության մեթոդներին, ոչ մի դեպքում չքննարկեք այս հարցը երեխայի ներկայությամբ, խոսեք առանձին»,-ասաց հոգեբանը:
Մի քանի խորհուրդ հայրիկներին՝ երեխայի հետ հարաբերությունների ամրապնդման համար.
Հայրիկները, ովքեր շատ ժամանակ են անցկացնում իրենց երեխաների հետ, դառնում են նրանց համար կարևոր կերպար և վարքագծի մոդել, որին երեխան հետևում է ապագայում։ Որքան ակտիվ է նման շփումը, այնքան ավելի լավ է ազդում երեխայի հոգեկան վիճակի վրա։
Որոշ ծնողներ երեխայից ակնկալում են չափահասի վարքագիծ, պատասխանատվություն բոլոր խոսքերի և արարքների համար: Երեխան պետք է իմանա գոյություն ունեցող շրջանակի մասին, բայց արգելքը չպետք է ամբողջությամբ սահմանափակի նրա ազատությունը:
Խելամիտ պահանջներ ներկայացրեք և պնդեք դրանց իրականացումը. երեխան պետք է հստակ իմանա, թե ինչ է իրենից սպասվում: Ավելի հեշտ է պահպանել ցանկալի վարքագիծը, քան պայքարել անցանկալի վարքի դեմ:
Հիշեք, որ ձեր ամուսնական հարաբերություններն օրինակ են երեխայի համար, որը կուղղորդի նրան իր հետագա ընտանեկան կյանքում։
Երեխային ժամանակ հատկացրեք: Հարցրեք, թե ինչպես է երեխան անցկացրել իր օրը, խաղացեք նրա հետ:
Գրկեք ձեր երեխային։ Հայրը չպետք է ամաչի ցույց տալ իր սերը։ Երեխաները շոշափելի շփման կարիք ունեն, և ոչ միայն մոր հետ:
Կատարեք «մայրիկ» աշխատանքը: Այն մտահոգությունները, որոնք ավանդաբար համարվում են «մայրիկի» պարտականությունները, պարտադիր չէ, որ լինեն միայն նրանը: Հայրը ևս պետք է մասնակցի դրանց իրականացմանը։
Կարդացեք գրքեր ձեր երեխայի համար: Սա հետաքրքիր և ժամանցային գործունեություն է, կարդալու սովորությունը շատ օգտակար կլինի երեխաների համար կյանքում, ուստի կարևոր է այն հնարավորինս շուտ սերմանել:
Բարձրացնել երեխաների ինքնագնահատականը. Ցույց տվեք ձեր երեխային, որ դուք գնահատում եք նրան՝ ժամանակ անցկացնելով նրա հետ, սովորեցնելով նրան և գովաբանելով նրա արդյունքներն ու ձեռքբերումները:
Զրույցի վերջում Անուշ Կիրակոսյանը կարևորեց երեխաների հետ շփման մեջ անկեղծ ու բնական լինելը.
«Երեխաներն անմիջապես զգում են սուտն ու կեղծիքը: Հետևաբար, նրանց հետ շփվելու համար հարկավոր է մոռանալ սեփական անհանգստությունների մասին, լինել կենսուրախ և հանգիստ: Մի մոռացեք մշակութային հանգստի մասին՝ թատրոններ, կրկեսներ, թանգարաններ: Հիշեք, որ երեխա մեծացնելը լուրջ, ամենօրյա աշխատանք է։ Բոլորը գիտեն, որ ցանկացած աշխատանքում կա օրվա հստակ պլան, այնպես որ, միշտ պետք է ժամանակ գտնել «աշխատանքն» ավարտին հասցնելու համար»,-եզրափակեց հոգեբանը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն