18/10/2023 16:13
Մինչև չլինի խաղաղության պայմանագիր՝ հայ-թուրքական ցամաքային սահմանի բացում պետք չէ ակնկալել. Թուրքագետ
Մինչև չլինի խաղաղության պայմանագիր՝ հայ-թուրքական ցամաքային սահմանի բացում պետք չէ ակնկալել. Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ անդրադառնալով ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի այն հայտարարությանը, թե մենք պատրաստ ենք հայ-թուրքական սահմանի բացմանը, այս մասով գնդակը գտնվում է թուրքական կողմում։
Թուրքագետը նշում է, որ այս պահին պայմաններ թելադրողը Թուրքիան է, որը հստակ պահանջ է դրել, թե որ դեպքում կբացեն սահմանը՝ միջանցքի հարց դնելով, նաև ներքին տարածքների՝ անկլավների վերադարաձի։
«Քանի դեռ վերջնական խաղաղության պայմանագիր չի կնքվել՝ սահմանի բացման քննարկում չի կարող վերսկսվել։ Դեռևս պատերազմական վտանգ կա, Թուրքիան Ադրբեջանի հետ զորավարժություններ է անցկացնում։ Իսրայելապաղեստինյան պատերազմում նույնիսկ Իրանի դեմ պատերազմ սկսելու վտանգ կա։ Այս պայմաններում սահմանի բացումը ռեալ չէ», - ասաց նա։
Նա հիշեցնում է Թուրքիայի սահման բացելու նախապայմաններից է նաև այն, որ ՀՀ-ն պետք է դադարի Թուրքիայի դեմ հակաքարոզչությունը։ «Նեմեսիսի արձանի բացումը ևս մեկ պատճառ էր գործընթացի կասեցման, և դա ևս պահանջներից մեկն էր, որ քանդեն», - հիշեցնում է նա։