18/10/2023 19:52
Իսրայելը չպետք է թույլ տա այնպիսի սխալներ, որոնք թույլ տվեց Միացյալ Նահանգները՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո․ Բայդեն
Իսրայելը չպետք է տուրք տա զայրույթին և թույլ տա այն սխալները, որոնք թույլ տվեց Միացյալ Նահանգները՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, հայտարարել է Իսրայելում գտնվող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Մենք տեսանք, որ հոկտեմբերի 7-ին տեղի ունեցածը ոմանք համարում են իսրայելական 2001 թվականի սեպտեմբերի 11-ը։ Արդարությունն, իհարկե, պետք է հաստատվի, բայց ես զգուշացնում եմ՝ մի տրվեք զայրույթին»,- ասել է Բայդենը։
Նրա խոսքով՝ Ամերիկան 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո նույն կերպ ուզում էր, որ արդարությունը վերականգնվի, բայց դրա հետ մեկտեղ՝ սխալներ էր թույլ տալիս։
«Պատասխան գործողությունները նման դեպքերում երբեք հեշտությամբ չեն ընտրվում և միշտ չէ, որ ընկալելի են լինում, անհրաժեշտ է հստակություն՝ նպատակի հարցում, պետք է հստակ գնահատվի նաև՝ ընտրված եղանակը կօգնի՞ հասնել այդ նպատակին»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ պաղեստինցիների մեծ մասը ՀԱՄԱՍ-ի անդամ չի հանդիսանում։