18/10/2023 13:30
Իսրայելն ունի պաշտպանվելու իրավունք, սակայն այդ իրավունքն ունի սահմաններ․ Բորել
Չնայած այն բանին, որ Իսրայելն իրավունք ունի՝ պաշտպանելու իրեն հարձակումներից, սակայն պաշտպանվելու այդ իրավունքը սահմանափակվում է միջազգային իրավունքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Պեկինում լրագրողների հետ հանդիպմանը։
«Իհարկե, Իսրայելն իրավունք ունի իրեն պաշտպանելու այն հարձակումից, որին ենթարկվել է: Բայց այդ իրավունքը, ինչպես մյուս իրավունքները, ունի սահմաններ։ Եվ այդ սահմանը միջազգային իրավունքն է և միջազգային մարդասիրական իրավունքը», - Բորել խոսքն է ներկայացնում ԵՄ արտաքին կապերի ծառայությունը։
Բորելը շեշտել է, որ Իսրայելի բանակի հրահանգը, որ 24 ժամում 1 միլիոն մարդ տեղափոխվի Գազայի հյուսիսային հատվածից դեպի հարավ, հնարավոր չէր իրագործել՝ հաշվի առնելով նաև այն, որ չկան փոխադրամիջոցներ։
Ինչ վերաբերում է Գազայում ալ-Ահլի հիվանդանոցի ռմբակոծությանը, Բորելը X սոցիալական ցանցում գրել է, որ հարկավոր է հայտնաբերել այդ հանցագործության մեղավորներին և պատասխանատվության ենթարկել նրանց։
Ըստ նախնական տվյալների՝ հիվանդանոցում պայթյունի հետևանքով առնվազն 500 մարդ է զոհվել: Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը և Իսրայելը տեղի ունեցածի համար մեղադրել են մեկը մյուսին։