18/10/2023 23:02
ԵՄ շարունակում է մտահոգությամբ հետևել սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակին․ Հայտարարություն
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հոկտեմբերի 18-ի նիստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում իրավիճակին և հայտարարություն է ընդունվել Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ:
Ինչպես հայտնում են ԵՄ արտաքին ծառայության մամուլի բաժնից, հայտարարության մեջ նշված է, որ «ԵՄ շարունակում է մտահոգությամբ հետևել սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունների և Լաչինի միջանցքի 9-ամսյա շրջափակման հետևանքով Ղարաբաղի հայերի զանգվածային արտագաղթից հետո ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակին»։
«․․․ Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը, ներառյալ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը՝ առանց ահաբեկման կամ խտրականության, ինչպես նաև պայմաններ ստեղծի Լեռնային Ղարաբաղ փախստականների և տեղահանվածների կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար՝ հարգելով նրանց պատմությունը, մշակույթն ու մարդու իրավունքները: Բացի այդ, պետք է արդյունավետ պաշտպանվեն և երաշխավորվեն տեղի բնակչության մշակութային ժառանգությունն ու սեփականության իրավունքները: Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ Ադրբեջանը պետք է կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սեպտեմբերի 22-ին նշված միջանկյալ միջոցները»,- նշված է հայտարարությունում։
ԵՄ-ն վերահաստատել նաև է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությանը, սահմանների անձեռնմխելիությանը և տարածքային ամբողջականությանը։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր աներկբա հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ համաձայն 1991 թ. Ալմաթիի հռչակագրի։ ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ երկու կողմերի միջև երկխոսության խթանմանը ՝ համապարփակ և կայուն խաղաղություն ապահովելու համար՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության»,-նշված է հայտարարության մեջ, որը, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ստորագրել են Ալբանիան, Անդորրան, Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան, Սան Մարինոն: