18/10/2023 13:17
ՀՀ-Վրաստան սահմանին 3 տեսուչ հորդորեցին բեռնախցիկ բացել. մեր կարգավորումները վերջապես սկսելո՞ւ են աշխատել. Թունյանը՝ ՊԵԿ պաշտոնյային
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանից հետաքրքրվեց, թե ինչու սահմանային անցակետերում իրենց ընդունած մեկ պատուհանի կարգավորումները չեն գործում, որոնք պետք է ՀՀ սահմանը հատող անձանց կյանքը հեշտացնեին։
Նա ներկայացրեց մեկ ամիս առաջ տեղի ունեցած սեփական փորձը՝ ՀՀ-Վրաստան սահմանը հատելիս։ «Գնալիս մեկ հոգի էր մոտենում, հակառակ ուղղությամբ, երբ գալիս էի՝ երեք հոգի հորդորեցին բեռնախցիկը բացել։ Ի՞նչն է պատճառը, ու մեր կարգավորումները վերջապես ե՞րբ են սկսելու աշխատել», - ասաց նա։
Կարեն Թամազյանը արձագանքեց՝ կոնկրետ չեմ կարող ասել. «Որ սահմանը հատում են, սովորաբար, մեկ տեսուչ է մոտենում, որ դիտարկի»։
«Միանշանակ ճիշտ եք, այդպես չպետք է լինի, պլանշետային համակարգ են ուզում ներդնել, տեսուչը, որ բեռնախցիկը ստուգել է, համակարգում նշում կանի, մյուս տեսուչները էլ չեն մոտենա»,-ասաց նա։