18/10/2023 18:01
Տիգրան Խաչատրյանն ու Դունյա Միյատովիչը անդրադարձել են Արցախից բռնի տեղահանվածների խնդիրներին
Հոկտեմբերի 18-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակությանը:
Շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար՝ փոխվարչապետը ներկայացրել է ԼՂ բնակչության բռնի տեղահանման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ մանրամասն անդրադարձ կատարելով տեղահանված բնակչության հիմնական կարիքներին և դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Մասնավորապես՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կեցության վայրերով ապահովման և առաջնային այլ կարիքների բավարարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը, ինչպես նաև նախանշել է վերջիններիս համար կայուն կենսապայմաններ ապահովելու նպատակով միջնաժամկետ և երկարաժամկետ անելիքները։
Փոխվարչապետն անդրադարձ է կատարել նաև առավել խոցելի խմբերի, այդ թվում՝ երեխաների, կանանց, տարեցների սոցիալ-հոգեբանական և այլ կարիքներին:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին առկա իրավիճակի վերաբերյալ մանրամասն քննարկում ունենալու հնարավորության համար:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի լայն շրջանակի: