18/10/2023 10:19
Դատախազը ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի վերաբերյալ գործն ուղարկել է դատարան
2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ.Պ.-ն, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, օժանդակել է «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.-ի կազմակերպած ու ղեկավարած հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն:
Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հ.Պ.-ի նկատմամբ հարուցել էր նոր հանրային քրեական հետապնդում:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ քննիչի կողմից որոշում է կայացվել մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնելու վերաբերյալ:
2023 թվականի հոկտեմբերի 4-ին դատախազը հաստատել է Հ.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: