18/10/2023 11:46
Բելգիայի Գերարդսբերգեն քաղաքում առաջին անգամ Հայ Առաքելական եկեղեցու պատարագ մատուցվեց
Բելգիայի ֆլամանական Գերարդսբերգեն քաղաքում երկար տարիներ անց ի վերջո ստեղծվեց Հայ Առաքելական Եկեղեցու նոր համայնք եւ մատուցվեց առաջին պատարագը՝ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի մասնակցությամբ։ Պատարագը մատուցեց Լիեժ քաղաքի հոգեւոր հովիվ՝ Հոգշ. Տ. Մաղաքիա աբղ. Բեսքիսիզյանը։
Սուրբ Պատարագին ներկա էին նաեւ ՀՀ դեսպանության խորհրդական Գեւորգ Ղազարյանը, Գերարդսբերգենի քաղաքապետի օգնական Ֆերնանդ Վան Թրիմպոտը, քաղաքապետարանի համայնքային խորհրդի նախագահ Ռուդի Ֆրեդերիկը, կաթոլիկ եկեղեցական խորհրդի նախագահը։
Հայ Առաքելական Եկեղեցու Թարգմանչաց Տոնի հետ համընկած Սուրբ Պատարագի կարեւորությունը խորհրդանշական եւ անբացատրելի մեծ է հայ համայնքի համար։ Համայնք, որն աչքի է ընկնում իր ակտիվությամբ՝ տեղական կյանքին ինտեգրված, բայց հայկական ինքնությունը հպարտությամբ կրելով։
Գերարդսբերգենի բնակիչ Վիգեն Հովսեփյանը երկար տարիներ է, ինչ կնոջ հետ այցելում է տեղի կաթոլիկ եկեղեցի, բայց մտքում միշտ ունենալով մեծագույն փափագ՝ ինչ-որ մի օր Հայ Առաքելական եկեղեցու պատարագներին մասնակցել։ Գաղափարի մասին նախ խոսում է Լիեժի հոգեւոր հովվի հետ, ապա մեծ աջակցություն ստանում մյուս հայկական ընտանիքներից։ Ստանալով Գերաշնորհ Սրբազանի համաձայնությունը՝ կնոջ՝ Զարուհի Գեւորգյանի հետ գործի է լծվում, փնտրում են այն եկեղեցին, որն իր դռները կբացի Հայ Առաքելական եկեղեցու պատարագների համար։ Համայնքի լավ համբավը նպաստում է իրադարձությունների արագ եւ սահուն զարգացմանը։ Քաղաքապետարանի համայնքային խորհուրդը եւ եկեղեցիների խորհուրդը տրամադրում են եկեղեցի, որտեղ կարող է կյանքի կոչվել Գերարդսբերգենի հայ համայնքի վաղեմի ու նվիրական ցանկությունը։
Այսպիսով, Մարգարյան, Կարապետյան, Ժամկոչյան եւ Կարապետյան ընտանիքները Խաժակ Սրբազանի օրհնությամբ կազմում են Գերարգսբերգեն քաղաքի ծխական խորհուրդը՝ Վիգեն Հովսեփյանի ատենապետությամբ։ Քաղաքում պատարագ կմատուցվի ամսական մեկ-երկու անգամ։ Բայց համայնքի հավակնություններն ավելի մեծ են՝ 99 տարով վարձել եկեղեցի, որտեղ ամեն կիրակի պատարագ կմատուցվի։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նշել է, որ այս երեւույթն ինքնին խոսում է սփյուռքում հայկական ոգին ամուր ու վառ պահելու մասին։ «Դժվարին օրեր անցյալում էլ ենք շատ ունեցել։ Ցեղասպանությունից հետո անկախ եւ ազատ Հայաստան ենք ստեղծել։ Դյուրին չէ, բայց գաղութների մեջ լավ կազմակերպված ենք, համաշխարհային կարեւորության անձինք ունենք, եւ, այս ամենը մեր մտքում ունենալով, որքան էլ դժվար լինի, չպետք է հուսահատվենք, եւ պետք է դեպի ապագա նայենք։ Անշուշտ, անցյալը կարեւոր է դասեր քաղելու առումով, բայց ապագայի վրա պետք է կենտրոնանալ», - ասել է Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Գերարդսբերգեն քաղաքի համայնքային խորհրդի նախագահ Ռուդի Ֆրեդերիկը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կարեւորել է քաղաքի կյանքին հայկական համայնքի ինտեգրվածության մակարդակը։ «Հայ համայնքի հետ շատ բարեկամական հարաբերություններ ունենք, եւ նրանց այս խնդրանքին արագ ու դրական արձագանք տալը մեզ համար մեծ ուրախություն էր»։
Համայնքը վայելում է տեղական իշխանությունների հարգանքը, ինչը եւս մեկ անգամ ապացուցվեց։ Երկու տարի առաջ համայնքը սեփական միջոցներով Հայաստանից խաչքար տեղափոխեց քաղաք։ Տեղական իշխանությունների թույլտվությամբ քաղաքի ամենաբանուկ այգիներից մեկում Հայոց Ցեղասպանությանն ու 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված խաչքարն իր ուրույն տեղը գտավ։