18/10/2023 14:01
Պատանի երաժիշտ-կատարողների հետ կհանդիպեն Ալեքսանդր Կոսեմյանը և Հենրի Զիգֆրիդսոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2020 թվականից իրականացվում է «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագիրը: Այն իրականացնում է «Հարմոնիում» ՀԿ-ն (գեղարվեստական ղեկավար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան):
Ծրագրի նպատակն է պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, հանրային ճանաչելիության բարձրացումը, մասնակցության ապահովումը հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին:
2023 թ. հոկտեմբերի 23-26-ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կկայանա վարպետության դասերի հերթական հանդիպումը, որը կվարի ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր, Կոմիտասի անվան ազգային քառյակի ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը։
«Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում նոյեմբերին ֆին անվանի դաշնակահար Հենրի Զիգֆրիդսոնը Երևանում կանցկացնի վարպետության դասեր: Հենրի Զիգֆրիդսոնը եվրոպական կատարողական արվեստի ոլորտում ամենապահանջված մենակատարներից և կամերային երաժիշտներից մեկն է:
«Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում 2023 թվականի ընթացքում իրականացվել են 8 վարպետության դասեր՝ հայաստանյան և արտերկրի մասնագետների միջոցով:
Վարպետության դասերն անցկացրել են Brescia Classica (Իտալիա) և Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթների դափնեկիր Հռիփսիմե Աղաքարյանը (դաշնամուր), միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն-Լևոն Մանասերյանը (դաշնամուր), Բախի միջազգային մրցույթի (Լայպցիգ), Վալենտինո Բուկկիի անվան միջազգային մրցույթի (Հռոմ) դափնեկիր Դավիթ Մելքոնյանը (թավջութակ), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը (դաշնամուր), միջազգային մրցույթների դափնեկիր, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահար Արամ Ասատրյանը (ջութակ), Շվեյցարիայի Լոզան քաղաքի կոնսերվատորիայի դաշնամուրային դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Պասկալ Գոդարը, ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Կարինե Օհանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար Արամ Թալալյանը:
Վարպետության դասերին մասնակցել է շուրջ 100 պատանի երաժիշտ՝ Երևանից և ՀՀ մարզերից: Նրանք մասնակցել են նաև վարպետության դասերի շրջանակում կազմակերպված 8 համերգներին:
2023 թ. հունիսին «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագիրն առաջին անգամ կազմակերպվել է նաև ՀՀ Սյունիքի մարզում:
Ծրագրի գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է ծրագրի ֆեյսբուքյան էջում։