18/10/2023 15:08
Որպեսզի ամուսինս դրսում չսպասի ինձ, այլ սպասի ԱԺ շենքում, նշանակել եմ ինձ օգնական՝ հասարակական հիմունքներով․ ՔՊ-ական Էմմա Պալյան
Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ այսօր մամուլից է իմացել, թե իր ամուսինը ԱԺ-ից գումար է ստացել։ Ըստ պատգամավորի՝ դա կեղծ տեղեկատվություն է։
«Իմ ամուսինը Ազգային ժողովից գումար չի ստանում, իմ ամուսինը Ազգային ժողովում գրանցված է՝ որպես հասարակական հիմունքներով օգնական, իմ օգնական, դա որևէ դրամ չի վարձատրվում, անգամ դա աշխատանքային ստաժ չի համարվում»,-ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած այն տեղեկությանը, թե Պալյանն իր ամուսնուն նշանակել է որպես ԱԺ-ում իր օգնական։
Իսկ թե ինչու է նա ամուսնուն հասարակական հիմունքներով օգնական նշանակել, պատգամավորը մանրամասնել է.
«Իմ ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է գրանցված միայն այն պատճառով, որ ես մարզից ընտրված պատգամավոր լինելով՝ հաճախ եմ լինում Շիրակի մարզում և Գյումրիում, և երբ տեղափոխվում եմ Երևան, իմ ամուսինն է ինձ բերում Ազգային ժողով։ Որպեսզի շենքի դրսում չսպասի, դա ուղղակի իրեն հնարավորություն է տալիս մուտք գործել ԱԺ շենք և իմ աշխատասենյակում սպասել, մինչև ես աշխատանքս ավարտեմ, և վերադառնանք մարզ կամ մեր այլ գործի։ Դա էլ ոչ շատ հաճախ է լինում, ուղղակի դա է նպատակը»։