18/10/2023 09:40
«Զինվոր ենք դառնալու, որ Շուշին յորոնինք». «Շուշիի ժպիտները» Ղազանչեցոցի բակում էլի են նկարվելու (Տեսանյութ, Լուսանկարներ)
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու բակի լուսանկարի այս փոքրիկները ժպիտներ պարգևեցին 44-օրյա պատերազմի օրերին Արցախից լուրերի սպասող մեր հայրենակիցներին։ Դա, ինչպես երեխաների մայրը՝ Արևիկ Սարգսյանն է ասում, վերջին լուսանկարն է, որ արվել է Շուշիում։ Լուսանկարը ստացել է «Շուշիի ժպիտները» անունը։
44-օրյա պատերազմի ընթացքում Սարգսյանների ընտանիքը վերջինն էր, որ դուրս եկավ Շուշիից՝ հույս ունենալով, թե հրադադար է լինելու և շարունակելու են ապրել իրենց բնակարանում։
2020-ի պատերազմից երեք տարի անց ևս չեն շտապել հեռանալ Ստեփանակերտից՝ դարձյալ հույս ունենալով, որ հրադադար կլինի և կապրեն իրենց տներում՝ ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։
3 տարվա ընթացքում երեխաների կյանքում ոչինչ չի փոխվել. նկուղ, բլոկադա, լարված իրավիճակ։
Սեպտեմբերի 19-ին, երբ սկսել է Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը, երեխաները դպրոցում են եղել։ Տղաները՝ Արմենը և Արսենը, սովորում են առաջին դասարանում, իսկ նրանց քույրը՝ Արմիդան, մանկապարտեզ է հաճախում։ Ծնողները երեխաների հետ թաքնվել են նկուղում։
Այն օրերին, երբ արցախցիների մեծ մասը տեղահանվում էր հայրենիքից, Սարգսյանները չեն շտապել նույնիսկ իրերը հավաքել, քանի որ սպասել են հրադադարի և մեծ հույս են ունեցել, որ Ստեփանակերտը լքելու անհրաժեշտություն չի լինի։ Նրանք հայրենի հողից հեռացել են սեպտեմբերի 27-ին։
«Երբ վերջին անգամ դուռը փակում էի, շատ կարևոր իրեր եմ թողել տանը, որոնք կարող էի վերցնել, բայց ես մինչև վերջին վայրկյանը վստահ էի, որ վերադառնալու ենք։ Հիմա էլ եմ վստահ, որ վերադառնալու ենք, բայց, կարծում եմ, որ դա շուտ չի լինի», - Aysor.am-ին պատմեց Արևիկ Սարգսյանը։
Ընտանիքը երկու բնակարան է կորցրել Ստեփանակերտում, մեկն էլ՝ Լուսաձոր գյուղում։
«Դրանց մասին չեմ մտածում, ճի՛շտ է, ցավ է, բայց փառք Աստծո, մարդկային կորուստ չունեցանք։ Մեզ ավելի շատ այն միտքն է տանջում, որ հայրենիք կորցրեցինք, ոչ թե՝ բնակարան»։
48 ժամից ավելի ճանապարհ են անցել, մինչև հասել են Կոռնիձոր։ Արևիկը պատմում է, որ շատ լարված են անցել այդ ժամերը, քանի որ ամբողջ ճանապարհի ընթացքում ադրբեջանցիները ծաղրել են մարդկանց.
«Դրանից հետո մեզ դիմավորեցին Կոռնիձորում, շա՜տ լավ դիմավորեցին, շա՜տ ջերմ ընդունելության արժանացանք»։
Ընտանիքն այժմ Երևանում է՝ ժամանակավոր.
«Հիվանդանոցի հետ կապված խնդիրներ ունենք, չգիտեմ՝ դեռ ինչքան կմնանք այստեղ, փորձում եմ աշխատանք գտնել, երեխաներն էլ կշարունակեն ուսումը՝ ծրագրից հետ չմնալու համար։ Հետո արդեն կտեղափոխվենք Տեղ գյուղ»։
Զույգ եղբայրներն ասում են, որ մեծանան զինվոր են դառնալու՝ Շուշին հետ վերցնելու համար, իսկ փոքրիկ Արմիդան որոշել է բժշկուհի դառնալ։
«Հպարտ եմ, որ Ղազանչեցոցի ֆոնին վերջին լուսանկարն իմ երեխաներինն է, վստահ եմ՝ էլի է լինելու այդ լուսանկարից՝ արդեն մեծ տարիքում։ Գուցե ուշ, բայց անպայման լինելու է»,-ասում է Արևիկ Սարգսյանը։