18/10/2023 09:54
«Ժողովուրդ». Դատախազությունը հաստատել է, որ Գեղամ Պետրոսյանը կապ չունի իրեն մեղսագրվող սպանության հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի կարճման որոշումը: ՀՀ դատախազությունը հաստատեց, որ Գեղամ Պետրոսյանը կապ չունի իրեն մեղսագրվող սպանություն արարքի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը դիմում էր ներկայացրել նախաքննական մարմին, որպեսզի Գեղամ Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվի, և նա արդարացվի: Ինչպես հայտնի է, 2019 թվականի օգոստոսի 4-ին «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ից կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալից» ազատ արձակվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանը: Անցել է շուրջ 3 տարի, սակայն Գեղամ Պետրոսյանի ազատ արձակվելուց հետո որևէ քննչական գործողություն չէր արվում, և քրեական գործը մնացել էր Հակակոռուպցիոն կոմիտեի դարակներից մեկում: Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար:
Նրան մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանություն: Վերջինիս նախաքննական մարմինը կալանավորել էր, քանի որ քրեական գործով Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք էր տվել ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը՝ հայտնելով, թե տեսել է՝ ինչպես է Գեղամ Պետրոսյանը կրակել Զաքար Հովհաննիսյանի վրա: Ավելի ուշ փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ իրականում Պետրոսյանի զենքի և դիակում եղած պարկուճի տեսակները չեն համընկնում, և այդ հիմքով Պետրոսյանն ազատ արձակվեց: Նշենք, որ 2008 թվականի մարտի 1-ին սպանված 10 հոգուց որևէ մեկի սպանության դեպքը բացահայտված չէ, չգիտենք՝ ով գնդակահարեց Երևանի կենտրոնում 10 քաղաքացու: Նիկոլ Փաշինյանն իր այդ խոստումը ևս չկատարեց։
Եվս մեկ հիշեցում. դեռ 2019 թվականի հուլիսի 12-ին «5-րդ» ալիքի եթերում Աժ պատգամավոր Թագուհի Թողմասյանը, անդրադառնալով Գեղամ Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործին, հայտնել էր. «Ինձ համար մտահոգիչ է, որ մենք ունենք հանրությանը դուր գալու համար արդարադատություն։ Սա նույնքան անընդունելի է, որքան զանգովի արդարադատությունը։ Մենք չենք կարող որևէ մեկի քիմքին հաճոյանալու համար արդարադատություն իրականացնել»։ Ինչ վերաբերում է 2008թ. մարտի 1-ին սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանին, Թագուհի Թովմասյանը դեռ 2019-ին ասել էր. «Գեղամ Պետրոսյանի մասով բացահայտման վերջին դեպքը այդ շարքից է: Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ է մեղադրվում. կարդացի, որ որևէ առնչություն չունի, և փորձագիտական եզրակացությունն արդեն կա, որ իրեն ամրակցված զենքը և Հովհաննիսյանի մարմնի պարկուճները չեն համապատասխանում։ Ինքը չի կրակել։ Այսինքն՝ սա նշանակում է, որ պետք է նրան անմիջապես ազատ արձակել։ Եթե նա անմեղ է, պետք է ազատ արձակել, որքան էլ չուզենանք»։
Այդպես էլ եղավ, մինչդեռ այդ ժամանակ ՔՊ-ականները քննադատում էին իրենց գործընկեր Թովմասյանին»։