18/10/2023 11:35
Մարտի 1-ի գործի շրջանակներում դադարեցվել է քրեական հետապնդումը Գեղամ Պետրոսյանի նկատմամբ
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրյալի կարգավիճակ ստացած ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, այս մասին Aysor.am-ին ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Հսկող դատախազի որոշման համաձայն՝ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, այն է՝ անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։
Հիշեցնենք՝ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը):
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրել էին, որ Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: Նա կալանավորվել էր, ապա՝ ազատ արձակվել։