18/10/2023 16:22
Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակվի դռնփակ. պաշտպանների միջնորդությունը մերժվել է (Տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակի անցկացվել դռնփակ։
Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողներին ասաց, թե դատարանին ասել են, որ ուզում են նիստը լինի դռնբաց, որ հանրությունն էլ իմանա՝ ինչ է կատարվում։ Դատարանը, սակայն, մերժել է միջնորդությունը։
«Սա իրավաչափ չէ, դատարանը նույնիսկ պատճառը չնշեց, թե ինչու է մերժում մեր միջնորդությունը»,- ասաց Ալեքսանյանը։
Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանը կալանավորված է։ Կալանքի որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։
Փաստաբանները նրան ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, սակայն դատավորը, ըստ Քոչարյանի փաստաբան Կոչուբաևի, մերժել էր ինքնաբացարկի միջնորդությունը՝ արձանագրելով, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի մտքերի հետ համաձայն է, չունի վատ վերաբերմունք և երդվել է լինել անկողմնակալ և այդպիսին է:
Քննիչը Լևոն Քոչարյանին մեղադրանք էր առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում՝ բնորոշելով այն որպես կեղծ։ Հայտնել է, որ պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, ովքեր ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։
Սեպտեմբերի 22-ին Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր. նրա նկատմամբ ուժ կիրառած ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լևոն Քոչարյանն է 4 կարմիրբերետավորի ծեծել, մինչդեռ, տեսանյութերում երևում է, որ ոստիկանական մեքենայի մեջ ոստիկանները բռնություն են գործադրում Քոչարյանի նկատմամբ։
Նա տեղափոխվել էր հիվանդանոց. «Նաիրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը Aysor.am-ին ասել էր, որ Լևոն Քոչարյանի մոտ նախնական ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում։