18/10/2023 09:58
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը գործազուրկ ամուսնուն ԱԺ-ում իրեն օգնական է տեղավորել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խնամի-ծանոթ-բարեկամներին պետական համակարգում տեղավորելու արատավոր պրակտիկային վերջ տալու և այդ ամոթալի էջը մեր պատմության մեջ փակելու խոստում տված Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները շարունակում են խաբել հասարակությանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության գյումրեցի պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը և ամուսինը աշխատանքի են տեղավորվել ՀՀ Ազգային ժողովում: Այսպիսով, ՔՊ-ական պատգամավորի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, հենց կնոջ՝ Էմմա Պալյանի օգնականն է ԱԺ-ում: Թե ինչով է կոնկրետ օգնում Ալբերտը Էմմային, պարզ չէ, քանի որ մինչ այս Ալբերտը գործազուրկ է եղել: Թերևս հիմա զուտ աշխատավարձ է ստանում: Իսկ ինչ վերաբերում է պատգամավորի եղբորը՝ Հայկ Պալյանին, ապա նա էլ ՔՊ-ական մյուս պատգամավորի՝ Կարեն Սարուխանյանի օգնականն է: Հայկ Պալյանը նաև ՔՊ-ի համար հայհոյախոսող «ֆեյք է աշխատում»:
Հիշեցնենք, որ մինչ 2021 թվականը Էմմա Պալյանն ինքն էր գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականը, իսկ 2021թ.-ի գարնանը վերցրեց պատգամավորական մանդատը: Էմմա Պալյանը նաև ԱԺ-ում վայելում է Ալեն Սիմոնյանի հովանավորությունը, քանի որ մինչ հեղափոխությունը Պալյանն Ալեն Սիմոնյանի ղեկավարած «Արարատնյուզ»-ում էր աշխատում:
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է թեմային, թե ինչպես են ՔՊ-ականներն իրենց ընտանիքի անդամներին, բարեկամներին և ընկերներին ԱԺ-ում և այլ պետական կառույցներում աշխատանքի տեղավորում: Այսպիսով, ստացվում է, որ նախկինների ԽԾԲ-ն քննադատող թավշյահեղափոխականները ոչ միայն չեն հրաժարվում այս արատավոր բարքից, այլև մեծ հաճույքով շարունակում ու ծաղկեցնում են այն»։