19/10/2023 18:33
Աչքի անոթաթաղանթի բորբոքում` ուվեիտ․ ախտանշաններ և բուժում
Ուվեիտն աչքի անոթաթաղանթի բորբոքումն է, որը հաճախ պատճառում է ախտահարված աչքի կարմրություն և ցավ։
Անոթաթաղանթը (ուվեա) աչքի միջին թաղանթն է և գտնվում է ցանցաթաղանթի և ֆիբոզ թաղանթի միջև։ Այն կազմված է ծիածանաթաղանթից, ցիլիար մարմնից և բուն անոթաթաղանթից: Վերջինս ապահովում է աչքի հիմնական արյան մատակարարումը:
Ուվեիտը տերմին է, որը նկարագրում է աչքի միջին թաղանթի՝ անոթաթաղանթի բորբոքմամբ ընթացող հիվանդությունների խումբը։
Ըստ բորբոքման տեղակայման տարբերում են ուվեիտի հետևյալ տեսակները՝
առաջնային ուվեիտ, որն ախտահարում է անոթաթաղնթի դիմային շրջանը՝ ծիածանաթաղանթը,
միջանկյալ ուվեիտ, որն ախտահարում է ծիածանաթաղանթի և ոսպնյակի միջև ընկած շրջանը,
ետին ուվեիտ, որն ախտահարում է աչքի ետին մասում ընկած ցանցաթաղանթը և արյունատար անոթները,
պանուվեիտ (կամ դիֆուզ ուվեիտ), որն ընդգրկում է աչքի միջին թաղանթի բոլոր շրջանները։
Լույսը կարող է ուժեղացնել աչքի ցավը (լուսազգայունություն կամ լուսավախություն): Հիվանդները նշում են նաև մշուշոտ տեսողություն և տեսադաշտում մուգ տեղաշարժվող բծեր։ Ուվեիտը կարող է սկսվել սուր կամ դանդաղ և ախտահարել մեկ կամ երկու աչքերը։
Ուվեիտի պատճառը հաճախ մնում է անորոշ, սակայն այն կարող է պատճառվել հետևյալ հիվանդություններով կամ վիճակներով՝
աչքի վնասվածք,
աչքի վիրահատություն,
աուտոիմուն հիվանդություններ,
աչքի վարակ,
աչքն ախտահարող քաղցկեղ,
որևէ բորբոքային հիվանդություն, օրինակ՝ Կրոնի հիվանդություն։
Չբուժելու դեպքում ուվեիտը կարող է առաջացնել բարդություններ, այդ թվում՝
ցանցաթաղանթի այտուց (մակուլար այտուց),
ցանցաթաղանթի սպիացում,
գլաուկոմա,
կատարակտ,
տեսողական նյարդի ախտահարում,
ցանցաթաղանթի շերտազատում,
տեսողության կայուն կորուստ:
Եթե կա ուվեիտի կասկած, բժիշկը կարող է նշանակել որոշ հետազոտություններ, այդ թվում՝
արյան թեստեր,
աչքի հեղուկի մանրէաբանական հետազոտություն,
աչքի արյան հոսքի դիտում,
ցանցաթաղանթի դիտում։
Բուժման նպատակն է մեղմացնել բորբոքումը և լուծել պատճառ հանդիսացող հիվանդության հարցը․ նշանակված դեղերը կարող են լինել՝
կորտիկոստերոիդային աչքի կաթիլներ, հաբեր կամ ներարկման ձևեր,
հակաբիոտիկներ կամ հակավիրուսային դեղեր,
այլ դեղամիջոցներ, օրինակ՝ իմունային պատասխանի փոփոխիչներ։
Ուվեիտով որոշ մարդկանց կարող է առաջարկվել վիրահատություն, որ հեռացվի կուտակված հեղուկը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն