19/10/2023 17:18
«Որքան մենք համակերպվենք այս ամենի հետ, այնքան իշխանությունն անելու է այն, ինչ ցանկանա»․ Զոհված զինծառայողի մայր
Սեպտեմբերի 9-ին 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, 2 ամսով կալանավորվել էր։ Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա էր հայտնաբերվել։ Գալեյանի դեմ նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն կամ դրանք ապօրինի իրացնելը) 1-ին մասի հատկանիշներով։
Հոկտեմբերի 9-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանների բողոքը՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ, հետևաբար՝ Գարիկ Գալեյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Եվ Գալեյանը միակը չէ, որ անազատության մեջ է հայտնվել իշխանություններին քննադատելու համար:
Չնայած այս ամենին, հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ ելույթը կառուցել էր ժողովրդավարության թեմայի շուրջ՝ ասելով, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է և իր անկախությունն ու ինքնիշխանությունը պահել է այն պատճառով, որ ժողովրդավար է։
168.am-ի հետ զրույցում Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ասաց, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի ասած ժողովրդավար երկրում բանտարկված է ոչ միայն իր ամուսինը՝ Գարիկ Գալեյանը, այլև Տաթև Վիրաբյանը, ով Արցախի ամբողջական հանձնումից հետո փողոց էր դուրս եկել՝ իր խոսքն ասելու։
«Սա անխղճություն է, ժողովրդավար երկրում նման բան չի լինում, ի՞նչ է արել այդ կինը, որ նրան 2 ամսով կալանքի տակ են պահելու։ Կամ մեր 18-ամյա արցախցի երիտասարդը, չեն թույլատրում, որ նույնիսկ մայրը նրա հետ տեսակցի։ Ի՞նչ է նա արել, զրկել են հայրենիքից, տնից, հիմա էլ՝ հարազատի հետ տեսակցությունից։ Այս մարդիկ 5 հազար տղա չեն սպանել, չգիտեմ՝ որն ասեմ, այսօր բոլորն էլ անհիմն գտնվում են կալանքի տակ»,- նշեց Աստղ Գալեյանը։
Նրա խոսքով՝ Գարիկ Գալեյանն ընդամենը 2020 թվականից հետո պահանջում է, որպեսզի պատժվի իր որդու և հազարավոր տղաների զոհվելու պատճառ դարձած անձը։
«Ինչքան մենք համակերպվենք այս ամենի հետ, իշխանությունն այդքան ժամանակ անելու է այն, ինչ ցանկանա՝ ձերբակալություններ, անհիմն մեղադրանքներ, կալանք։ Ստացվում է, որ ով այս իշխանությանը դեմ է, նրան չեզոքացնում են։
Եթե անգամ Նիկոլ Փաշինյանը չէ մեղավոր, ապա թող գտնի մեղավորին, փաստերով ապացուցի նրա մեղավորությունը։ Նիկոլ Փաշինյանն էր, չէ՞, որ 2022 թվականին ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ կարող էր պատերազմն ունենալ նույն արդյունքը, բայց առանց զոհերի։ Ստացվում է, որ ինքը խոստովանեց, որ ինքն է մեղավոր, բայց հիմա դատում է այն մարդկանց, որոնք երեխաների սպանության հետ որևէ կապ չունեն։ Այս երկրում ով պահանջատեր է, իշխանությունը նրան մեկուսացնում է, սա ժողովրդավարություն չէ՝ բռնապետություն է, Հայաստանը դարձրել են բռնապետական երկիր»,- եզրափակեց Աստղ Գալեյանը։