19/10/2023 20:54
Ավելի քան 87 միլիոն դրամ կամ 220 հազար դոլար, որ Ավինյանը երդվի՝ որպես քաղաքապետ
Ավելի քան 87 միլիոն դրամ կամ մոտ 220 հազար դոլար են երևանցիները հատկացրել, որ Տիգրան Ավինյանը երդվի որպես քաղաքապետ։ Բազմամարդ, բայց լրագրողների համար փակ միջոցառումն անցած ուրբաթ էր։ «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանը որոշ փակագծեր է բացել, թե ինչի վրա են ծախսվել տասնյակ միլիոնները։
Ավինյանի ինաուգուրացիան ուրարտական շրջանի արքայական միջոցառում էր հիշեցնում։ Նորընտիր քաղաքապետին դռան մոտ դիմավորեցին Արգիշտի թագավորի ժամանակների զինվորները, Ավինյանը ձեռքը դրել էր մ․թ․ա․ 782 թվականի սեպագիր արձանագրության վրա, քաղաքապետարանի սրահը պատված էր ոսկեգույն դեկորներով, որոնց վրա պատկերված էր Երևան դարձած Էրեբունու անցած ուղին։
Հատկացված տասնյակ միլիոնների առյուծի բաժինը ծախսվել է ուրարտական ոճի զարդարանքի վրա։ Քաղաքապետարանից «Ազատությանը» հայտնել են, որ «պատմագրական դեկորատիվ բազմաֆունկցիոնալ կոնստրուկցիաները» պայմանագրային արժեքի շուրջ 50 տոկոսն են կազմում», այսինքն՝ միայն 43.5 միլիոնը ծախսվել է թագավորական բեմադրության համար։ Մյուս մասը տեխնիկական է՝ դիզայն, տպագրության, հյուրասիրություն։