19/10/2023 17:00
«Անկլավների փոխանակմամբ» Փաշինյանը ստրատեգիական բարձունքներ է տալու, փոխարենն ստանալու ենք արոտավայր և ունենալու ենք երկու միջպետական ճանապարհի խնդիր․ Հայկ Մամիջանյան
«Հայաստանը՝ իբրև մի մեծ «անկլավ» թեմայով պանելային քննարկման ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը շեշտեց՝ 44-օրյա պատերազմից հետո «Հայաստանի Հանրապետության հսկվող սահման» հասկացությունը խիստ երկարել է, ինչով առաջացրել է մեծ խնդիրներ, իսկ «անկլավների» փոխանակումից, իսկ իրականում՝ հանձնումից հետո այն ավելի է երկարանալու, և խնդիրն ավելի է բարդանալու։ Այս ամենից բացի, ըստ Հայկ Մամիջանյանի, մեկ այլ կարևոր հարցի է պետք ուշադրություն դարձնել․ ինչ է պատրաստվում փոխանակել Փաշինյանն՝ ինչի հետ և ինչպես է դա հրամցնելու հասարակությանը։
«Սիրելի քաղաքացիներ, զգույշ եղեք՝ ի սկզբանե, որովհետև արդեն տեսանելի է, թե Փաշինյանն ինչ ինֆորմացիոն թեզ է կիրառելու։ Պետրոս Ղազարյանին տված իր հարցազրույցի ժամանակ նա պատահական չասաց, թե 29 800 քառակուսի կիլոմետրը կպահպանվի։ Անիմաստ չասաց, որ ԽՍՀՄ գենշտաբի 1970-ականների բոլոր քարտեզների հանրագումարը 29 800 քառակուսի կիոմետրն է։ Դա արվում է նրա համար, որ օրերից մի օր ասի հետևյալը․ «ի՞նչ տարբերություն, միևնույն է՝ վերջում 29 800 քառակուսի կիոմետր է կանգնում»։ Դա սեփական դեմքը փրկելու հնարավորություն է, նա սկսելու է սրիկայական արշավ՝ փորձելով քառակուսի կիլոմետրերով համեմատել իրար հետ՝ ինչ հանձնեց և իբր՝ ինչ ստացավ։ Բոլորը պետք է գիտակցեն, որ սահմանամերձ և առհասարակ՝ տարածքային վեճերի պարագայում քառակուսի կիլոմետրերով պլյուս-մինուս չեն անում։ Եթե ամեն ինչ գնա այն տրամաբանությամբ, որն այս պահին քննարկվում է, ապա մենք ստրատեգիական բարձունքներ ենք տալու, փոխարենն ստանալու ենք արոտավայր, որն էլի հայկական հող է, ոչ ոք դա չի վիճարկում, սակայն ստրատեգիական բարձունք չեն տալիս՝ արոտավայր ստանալու համար»,- ընդգծեց Մամիջանյանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը հավելեց՝ սա էլ ամբողջը չէ, միջպետական ճանապարհների հետ կապված լուրջ խնդիրների ենք բախվելու։
««Անկլավների»՝ այս տեսքով հանձնման պարագայում մենք ունենալու ենք երկու միջպետական ճանապարհի խնդիր։ Առաջինը, բնականաբար, Տիգրանաշենն է․ այդ ճանապարհն ընդհանրապես վերանալու է։ Այսինքն՝ այն մշտական ճանապարհը, որով բոլորս ժամանակին գնում էինք Արցախ, իսկ հիմա գնում ենք Սյունիք, եթե գերի չենք ընկնում ճանապարհին, վերանալու է։ Թեզին՝ նոր ճանապարհ կկառուցենք պատասխանեմ՝ քթներիդ կպչի ձեր նոր ճանապարհը։ Էդպես Երևանն էլ կարելի է նորից կառուցել՝ այլ վայրում։
Եվ երկրորդը, որի մասին շատ քիչ է խոսվում․ Հայաստանը Վրաստանին միացնող երկու միջպետական ճանապարհներից մեկը հայտնվելու է Ադրբեջանի ուղիղ վերահսկողության տակ, ուղիղ։ Ուզում եք՝ դա դիտարկում անվանեք, ուզում եք՝ նշանառություն, բայց Ադրբեջանի ուղիղ դիտարկման ու վերահսկողության տակ է հայտնվելու»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։