19/10/2023 16:13
Թուրք-ադրբեջանական դաշինքը ռազմական օպերացիա է նախագծում, որի նպատակն է Հայաստանը կտրել, երկու մասի բաժանելը․ Քաղաքագետ
Հանրությունը «անկլավների» հարցը հեշտ չի ընկալում և դա չի դիտարկում այն համատեքստում, թե մենք էլ Ադրբեջանում անկլավ ունենք, կփոխանակենք, կանցնի, կգնա, «Հայաստանը՝ իբրև մի մեծ «անկլավ» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նա շեշտեց՝ հանրությունն իրականում գիտակցում է, թե ինչպիսի վտանգներ կան թաքնված այդ խնդրի հետևում։
«Հանրությունը հասկանում է, որ իրականում ի՞նչ անկլավի մասին է խոսքը, մի ամբողջ մարզ ենք կորցնելու, էլ չեմ խոսում հարող այլ մարզերի մասին։
Հայաստանի պարզ ու հասարակ գյուղացուց սկսած, վերջացրած ԱՄՆ պետքարտուղարով, տեսնում են, որ թուրք-ադրբեջանական դաշինքը ռազմական օպերացիա է նախագծում, որի նպատակն է Գեղարքունիք մարզից սկսած, Սելիմի լեռնանցքով Հայաստանը կտրել, երկու մասի բաժանելը, որ այդ թուրքական միջանցքը, որն ամեն տեղ քարոզվում է՝ հիմա արդեն ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների կողմից, այլև շատ այլ երկրների ղեկավարների կողմից, կյանքի կոչվի։
Այսինքն՝ մարդիկ շատ լավ հասկանում են, որ այս պահին մահացու վտանգի առջև ենք կանգնած՝ որպես պետություն, որպես հանրություն»,- ընդգծեց քաղաքագետը։