19/10/2023 17:45
Արցախցիների դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները վերացնելու մասին հրամանագիր է ստորագրվել
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հոկտեմբերի 19-ին ստորագրել է հրամանագիր, որի 1-ին և 3-րդ կետերին համապատասխան ԱՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից նույն օրը որոշում է ընդունվել վերացված համարելու պետական և համայնքային բյուջեների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների օգտին բռնագանձումներով պարտապանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները:
Հրամանագրով միաժամանակ սահմանվել է, որ վերոնշյալ սուբյեկտների օգտին 2023 թվականի սեպտեմբերի 20-ից հետո բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:
Արգելանքների վերացումը չի ազատում պարտավորությունների կատարումից։ Այն ժամանակավոր միջոցառում է, որի նպատակն է մեղմելու Արցախի շուրջ ս. թ. սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված պայմաններում հայտնված՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները՝ հիմնականում նրանց դրամական միջոցները ժամանակավոր չբռնագանձելու ձևով»։