19/10/2023 10:43
Բայդենի ու արաբական ղեկավարների՝ Հորդանանում նախատեսված հանդիպումը չեղարկվել է
Հարյուրավոր մարդիկ են զոհվել երեքշաբթի Գազայի «Ահլի Արաբ» հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Պաղեստինի իշխանությունները մեղադրում են Իսրայելին՝ բուժհաստատությանը օդային հարված հասցնելու համար։ Թել Ավիվը արձագանքում է, թե պատասխանատուն «Իսլամական ջիհադ» կազմակերպությունն է, որի սխալ արձակած հրթիռն է խոցել հիվանդանոցը, գրում է Ամերիկայի Ձայնը։
Հարձակումը, հիշեցնենք, Թել Ավիվ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ժամանելուց ժամեր առաջ է տեղի ունեցել։
Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահը ժամանել է Իսրայել՝ նպատակ ունենալով ի ցույց դնել ամերիկյան աջակցությունը հրեական պետությանը, ապահովել Գազայում արգելափակված ամերիկացիների անվտանգ տեղահանումը և հասնել իսրայելական պաշարման ներքո գտնվող պաղեստինցիների վիճակի թեթևացմանը:
«Կարևոր է, որ օգնությունը հնարավորինս շուտ հասնի Գազա»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Իսրայելից Բայդենը պետք է մեկներ Հորդանանի մայրաքաղաք՝ Ամման, սակայն Գազայի հիվանդանոցին հասցված հարվածը, չեղարկեց այդ այցը։
Փաստորեն, ԱՄՆ նախագահը չի հանդիպելու տարածաշրջանային երկրների ղեկավարներին ՝ Հորդանանի թագավոր Աբդալլահին, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին և Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասին։ Վերջինս վերադարձել է Ռամալլա, ուր հազարավոր պաղեստինցիներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ հիվանդանոցի դեմ իրականացված հարձակման պատճառով։
«Մեր հորդանանցի եղբայրներն ասացին, որ այս պայմաններում չենք կարող [ԱՄՆ նախագահ Բայդենի հետ] գագաթնաժողով անցկացնել։ Չգիտենք՝ նախագահ Բայդենը մեկնելո՞ւ է Հորդանան, թե՞ ոչ։ Միակ բանը, որն իմաստ կունենար, եթե նրա ջանքերի արդյունքում հրադադար հաստատվեր, և նա ասեր՝ «գալիս եմ ստիպելու, որ հրադադար հաստատվի»,- նշել է ՄԱԿ-ում Պաղեստինի բանագնաց Ռիադ Մանսուրը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։