19/10/2023 13:10
Ես տեսել եմ դժոխքը, տեսել եմ աշխարհի վերջը․ այլ բառեր մտքիս չեն գալիս․ Հունան Թադևոսյան
Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը mediahub-ում գրել է․
«Անցավ ցավոտ մեկ ամիս։ Կհարցնեք ինչպե՞ս, պատասխանեմ։ Ժամանակագրության առումով, այո, մեկ ամիս անցավ Արցախի կորստից, բովանդակային առումով՝ սա փորձություն էր, ցավի, զրկանքի, դժողքի, երբ կանգնում ես կյանքի ու մահվան ճամփաբաժանին, ներկայի ու անցյալի խաչմերուկում և հստակ գիտակցում ես, որ այն, ինչ ներկա էր երեկ, այսօր դարձել է անցյալ։
Մեկ ամիս առաջ այս օրը, ուղիղ կեսօրին, պաշարված Արցախի հերթական օրերից մեկն էր, երբ հանկարծակիի եկանք թշնամու հրետանու, օդուժի, հրթիռների ձայներից։ Բոլորս վեր թռանք, սկսվեց, ասացինք ու առանց վարանելու դուրս եկանք աշխատավայրից, օգնելու և ապաստարան տեղափոխելու այդ ժամին Ստեփանակերտի գլխավոր պողոտայով անցնող աղեկտուր լացող երեխաներին, ծերերին ու կանանց։
Ապաստարանում ծվարել ու կուչ են եկել բոլորը։ Քար լռություն է։ Կապ չկա, որի բացակայության պատճառով չգիտենք, թե ի՞նչ է կատարվում շրջաններում, իսկ Ստեփանակերտը տնքում էր արկերի պայթյունների տակ, մեկ րոպե անգամ չի դադարում օդային տագնապի ձայնը։ Ներքին կապով հասկացանք, որ պատերազմ է բոլոր ուղղություններով, թիրախում՝ քաղաքացիական ու հասարակական նշանակության օբյեկտներ են նաև։
Արցախի երկնքում թանձրացել էր դաժան պատերազմի վառոդի հոտը։ Րոպեներ անց քաղաքում ավելացան շտապ օգնության ու փրկարար ծառայության մեքենաները։ Բնակելի շենք է հրետակոծվել, քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորներ ունենք։
Հանրապետական բժշկական կենտրոնում ասեղ գցելու տեղ անգամ չկար, վիրավորներին առաջին անհրաժեշտ բուժօգնություն էր ցուցաբերվում անգամ միջանցքներում։ Հերոսական աշխատանք էին կատարում պատերազմների փորձությունն անցած ճերմակ բանակի մարտիկները։
Ռազմական գործողությունները շարունակվում են։ Արցախի բանակը գուցե թե կանխատեսելով պատերազմի ելքը, փորձում էր հնարավորինս շատ կորուստներ պատճառել թշնամուն։ Այդպես էլ եղավ. մի օր կպատմեմ այդ մասին։
Գիշերը լուրեր են պտտվում, որ անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվում են Մարտակերտի վերին ենթաշրջանի գյուղերը, քանի որ թեժ մարտեր են ընթանում Կաշենի հանքավայրում, հարակից գյուղերում, ադրբեջանական զինուժի ուղղությունը Սարսանգի ջրամբարն էր։
Գիշերը չենք քնում, քաղաքը ապաստարանում է։ Լույսը բարի չբացվեց, առաջնագծից ստացվող լուրերը՝ անհանգստացնող են։
Մեր խումբը տեղափոխվեց օպերատիվ շտաբ, որտեղ հավաքագրվում էին անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց տվյալները։ Շրջաններից տարհանված մարդիկ անհավանական թվացող պատմություններ են պատմում, մենք վավերագրում ենք։ Փրկվելու համար ընտանիքներով, մանկահասակ երեխաների ու ծերերի հետ գիշերը՝ Ստեփանակերտ հասնելու համար ոտքով կիլոմետրեր են հատել։ Նրանց մի մասը խոշտանգվել է ճանապարհին, շատերը մազապուրծ են եղել։
Ի՞նչ էր դա. արհավի՞րք, ահաբեկչությո՞ւն, ի՞նչ էր դա։ Մեկ բառով, Արցախում կատարվածը՝ ցեղասպանություն էր, էթնիկ զտման դասական օրինակ։
Մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ձեռք է բերվում կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն՝ ցավոտ զիջումներով։ Հազարամյակների հետք ու ստորագրություն ունեցող հայկական Արցախը կորցնում ենք։ Մինչ մենք զբաղված էինք անհետ կորածների հարցերով, տարհանված բնակիչների հոգսերով ու խնդիրներով, բռնի տեղահանության ֆոնին Ասկերանի շրջանի վառելիքի պահեստում տեղի ունեցավ անսպասելի պայթյուն, որը միայն աղ լցրեց մեր տառապանքին, խլեց բազմաթիվ կյանքեր, շատերը կիսակյանք տեղափոխվեցին բուժհաստատություններ, ավելացավ փրկարարների ու բժիշկների աշխատանքի ծավալը։
Դա իմ ապրած կյանքի ամենաչապրած օրն էր։
Երբևէ տեսել ե՞ք, երբ մարդը կանգնում է քո դիմաց ու պարում ցավից, խնդրում, որ օգնես, տեսե՞լ եք՝ ինչպես է երեխան կրակի օջախի կողքին պապա կանչում, մտածում, որ կլսի, դուրս կգա և կամ հայրն ինչպես է հոգեվարքի մեջ փնտրում 2 որդիներին։ Դա նման էր աշխարհի վերջին։
Դիակները դուրս բերելիս ես մտածում էի, որ գուցե իրենք են փրկվել, այդ մենք ենք դժոխքում։
Մղձավանջը տոնի էր վերածվում այն ժամանակ, երբ փրկարարները դիրքերից կամ բնակավայրերից ողջ մարդ են տարհանում…
Ի վերջո, եկավ գնալու պահը։ Նույնիսկ ամենահամարձակ մտքում ես չեմ մտածել, որ կգա մի օր, երբ ես ստիպված կհեռանամ Արցախից։ Դա նման էր, երբ երեխային առանց մոր համաձայնության որդեգրեն ու այլ երկիր տեղափոխեն, մայր ու որդի իրարից հեռու կտառապեն։
Ես ամեն օր արթնանում եմ այն հույսով, որ մեզ հետ կատարվածն ընդամենը երազ էր, որ հիմա ամեն բան իր տեղը կընկնի։ Արցախն իմ ինքնությունն է, մենք հավերժ սիրահարված ենք իրար։
Ես Երևանում եմ, բայց հավերժ հենված, եթե կուզեք՝ կապված Արցախին…»։