19/10/2023 14:11
Արցախի նախագահը հրապարակային խոսք կասի
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն առաջիկայում հրապարակային խոսք կասի։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Հարգելի՛ հայրենակիցներ, զանգվածային որոշ լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերում տարածվող կեղծ տեղեկությունները, թե իբր սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Արցախի Հանրապետության կառավարությունը տարբեր քաղաքացիներից գնել է բնակարաններ կամ գույք, տրամադրել փոխառություններ կամ կանխիկ գումարներ, իրականությանը չի համապատասխանում:
Հորդորում ենք նման տեղեկությունների տիրապետող քաղաքացիներին դիմել ՀՀ իրավապահ մարմիններին, ներկայացնել հանցագործության մասին համապատասխան հաղորդումներ:
Հարգելի՛ հայրենակիցներ, հատկապես այս բարդ ժամանակաշրջանում կոչ ենք անում տուրք չտալ տարբեր նպատակներ հետապնդող կեղծ և չճշտված տեղեկություններին:
Տեղեկացնում ենք, որ այս և մի շարք այլ հարցերի վերաբերյալ նախագահ Սամվել Շահրամանյանն առաջիկայում կանդրադառնա հրապարակային իր խոսքում», - նշված է հաղորդագրության մեջ։