20/10/2023 19:24
Աղիքային ցուպիկ․ Առաջացման պատճառներ, ռիսկի խմբեր
Աղիքային ցուպիկ բակտերիաները սովորաբար ապրում են առողջ մարդկանց և կենդանիների աղիքներում։
Աղիքային ցուպիկի տեսակների մեծ մասն անվնաս է կամ առաջացնում է համեմատաբար կարճատև լուծ: Սակայն մի քանի շտամեր կարող են առաջացնել ստամոքսի սուր կծկանքներ (սպազմ), արյունոտ լուծ և փսխում: Երբեմն աղիքային ցուպիկի առաջացրած վարակն անվանում են էշերիխիոզ կամ էշերիխիա:
Աղիքային ցուպիկի ախտածին շտամներով հնարավոր է վարակվել վարակված ջրի կամ սննդի, հատկապես հում բանջարեղենի և տավարի աղացած մսի միջոցով: Առողջ չափահասները սովորաբար ապաքինվում են վարակից մեկ շաբաթվա ընթացքում: Մանկահասակ երեխաները և մեծահասակները երիկամային անբավարարության կյանքին սպառնացող ձևի զարգացման ավելի մեծ ռիսկ ունեն:
Պատշաճ հիգիենան կարող է զգալիորեն կրճատել աղիքային ցուպիկի ախտածին շտամերով վարակվելու կամ դրանք տարածելու հավանականությունը:
E. coli վարակի նշաններն ու ախտանիշները սովորաբար սկսվում են բակտերիաների հետ շփումից երեք կամ չորս օր հետո:
Նշաններն ու ախտանիշները ներառում են՝
փորլուծություն (դիարեա), որը կարող է տատանվել՝ սկսած թեթև և ջրիկից մինչև ծանր և արյունոտ,
ստամոքսի կծկանքներ, ցավ կամ շոշափելիս ցավոտություն,
որոշ մարդկանց մոտ՝ սրտխառնոց և փսխում:
Կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե ձեր լուծը մշտական է, ծանր կամ արյունոտ:
Աղիքային ցուպիկի (E. coli) միայն մի քանի շտամներ են առաջացնում փորլուծություն:
E. coli O157:H7 շտամը պատկանում է E. coli-ի խմբին և արտադրում է հզոր թույն (տոքսին), որը վնասում է բարակ աղիքի լորձաթաղանթը: Սա կարող է առաջացնել արյունոտ լուծ:
Ի տարբերություն հիվանդություն առաջացնող բազմաթիվ այլ բակտերիաների, E. coli-ն կարող է վարակ առաջացնել, նույնիսկ բակտերիաների փոքր քանակության դեպքում:
Բակտերիա հրահրող գործոններ․
Տավարի աղացած միս (ֆարշ)․ Երբ խոշոր եղջերավոր անասունները մորթվում և մշակվում են, նրանց աղիքներում առկա E. coli բակտերիաները կարող են հայտնվել մսի վրա: Տավարի աղացած միսը համակցում է տարբեր կենդանիների միսը, ինչը մեծացնում է վարակման ռիսկը:
Չպաստերիզացված կամ հում կաթ. E. coli բակտերիաները կովի կրծքերից կամ կթող սարքավորումներից կարող են թափանցել հում կաթի մեջ:
Թարմ մթերքներ. Անասնաբուծական ֆերմաների կոյուղու արտահոսքը կարող է աղտոտել դաշտերը, որտեղ աճեցվում են թարմ մթերքներ: Որոշ բանջարեղեններ, ինչպիսիք են սպանախը և հազարը, հատկապես խոցելի են այս տեսակի վարակման նկատմամբ:
Վարակված ջուր․ Մարդու և կենդանիների կղանքը կարող է աղտոտել ստորերկրյա և մակերևութային ջրերը, ներառյալ առուները, գետերը, լճերը և բերքը ոռոգելու համար օգտագործվող ջուրը: Թեև հանրային ջրային համակարգերը E. coli-ին ոչնչացնելու համար օգտագործում են քլոր, ուլտրամանուշակագույն լույս կամ օզոն, աղիքային ցուպիկի վարակի որոշ բռնկումներ կապված են աղտոտված քաղաքային ջրի պաշարների հետ:
Մասնավոր ջրհորները անհանգստության ավելի մեծ պատճառ են հանդիսանում, քանի որ շատերը ջուրը ախտահանելու միջոց չունեն: Ամենաշատն աղտոտված են գյուղական ջրամատակարարումները:
Անձնական շփում․ E. coli բակտերիաները հեշտությամբ կարող են անցնել մարդուց մարդ, հատկապես, երբ վարակված մեծահասակները և երեխաները ճիշտ չեն լվանում ձեռքերը: E. coli-ով վարակված փոքր երեխաների ընտանիքի անդամները հատկապես հավանական է, որ իրենք էլ վարակվեն: Բռնկումներ են գրանցվել նաև երեխաների շրջանում, ովքեր էքսկուրսիայի շրջանակներում խմբով այցելել են կենդանաբանական այգիներ և անասնագոմեր:
E. coli-ի ախտածին շտամերը կարող է հիվանդություն առաջացնել յուրաքանչյուրի մոտ, ով վարակվել է բակտերիաներով:
Ռիսկի գործոնները ներառում են հետևյալը
Տարիք. մանկահասակ երեխաները և մեծ տարիքի չափահասները E. coli-ի հետևանքով առաջացած հիվանդության և վարակի հետ կապված ավելի ծանր բարդությունների ավելի բարձր ռիսկի են ենթարկվում:
Թուլացած իմունային համակարգ. մարդիկ, ովքեր ունեն թուլացած իմունային համակարգ՝ ՁԻԱՀ-ից կամ քաղցկեղի բուժման կամ փոխպատվաստված օրգանների վարակը կանխող դեղամիջոցներից, ավելի հավանական է, որ հիվանդանան E. coli-ով:
Տարվա ժամանակը. թեև պարզ չէ, թե ինչու, բայց E. coli վարակների մեծ մասը տեղի է ունենում հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:
Ստամոքսի թթվի մակարդակի նվազում. ստամոքսի թթուն ապահովում է E. coli-ից որոշակի պաշտպանություն: Եթե դուք ստամոքսի թթվայնությունը նվազեցնելու համար դեղեր եք ընդունում, կարող է մեծանալ E. coli վարակի վտանգը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն