20/10/2023 23:30
Եղունգների գեղեցկությունն աշնանը. Ինչպե՞ս ճիշտ խնամել ձեռքերը
Տարվա այս եղանակին շատերի մոտ նկատվում են ձեռքի չորացած մաշկ, փշրվող և անհարթ եղունգներ՝ պատված կուտիկուլի հաստ շերտով։ Ինչպե՞ս ճիշտ հոգ տանել դրանց մասին, պե՞տք է արդյոք հեռացնել այն, թե խնամքի այլ եղանակներ կան: Այս հարցերին պատասխանելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ է կուտիկուլը և որն է դրանից ազատվելու լավագույն եղանակը։
Կուտիկուլը մաշկի եզրն է եղունգի հիմքում: Այն բաղկացած է կենդանի և մահացած բջիջներից։ Մենք երբեմն մատնահարդարման ժամանակ հեռացնում ենք այն՝ մեր ձեռքերին կոկիկ, էսթետիկ տեսք հաղորդելու համար։
Այդ մաշկը կարելի է անվանել նաև պատնեշ՝ եղունգի հիմքում։ Այն կանխում է բակտերիաների, սնկերի և օտար մասնիկների մուտքը: Խնամքի բացակայության դեպքում առաջացող ճաքերի պատճառով, կուտիկուլը կորցնում է իր պաշտպանիչ գործառույթները և մեծացնում վարակների առաջացման վտանգը։
Եղունգի հիմքում մահացած մաշկը կտրելը ունի իր դրական և բացասական կողմերը:
Գերաճած մաշկի պատճառով եղունգները անփույթ տեսք ունեն։ Դժվարանում է նաև լաքապատումը։ Գերաճած մաշկը խանգարում է եղունգների աճին և կարող է հանգեցնել անհարթության և ակոսների:
Մատնահարդարման կողմնակիցները, հավանաբար, գիտեն, որ մահացած մաշկը պետք է զգույշ հեռացնել և միայն ստերիլ գործիքներով: Դա անելու համար ավելի լավ է դիմել պրոֆեսիոնալ մատնահարդարին: Եթե ամեն ինչ անում եք ինքներդ, ապա յուրաքանչյուր մատնահարդարումից հետո պարտադիր է ախտահանել մկրատը, իսկ պրոցեդուրաների ընթացքում ձեռքի տակ ունենալ ջրածնի պերօքսիդ՝ նույնիսկ փոքր վնասի դեպքում մաշկը հակասեպտիկով մշակելու համար։
Պատշաճ ախտահանում չիրականացնելու պարագայում կարող է առաջանալ պապիլոմավիրուսի, սնկի և այլ լուրջ հիվանդություններով վարակվելու վտանգ:
Կարելի է նաև 1-2 շաբաթը մեկ անգամ նարնջի ծառի փայտիկով նրբորեն հեռացնել մահացած մաշկը՝ եղունգներին տալով կոկիկ տեսք:
Գոյություն ունեն նաև հատուկ միջոցներ, որոնք օգնում են ազատվել մահացած բջիջներից՝ առանց մկրատի օգտագործման։ Դրանք պետք է քսել եղունգի հիմքին, սպասել 1-3 րոպե և հեռացնել փափկած կուտիկուլը։ Եվս մեկ շաբաթ միջոցը կշարունակի իր ազդեցությունը՝ դանդաղեցնելով մաշկի աճը և խոնավացնելով տվյալ հատվածը։
Ցանկալի է օգտագործել ձեռքերի և եղունգների քսուքներ։ Դրանք փափկացնում են մաշկը և կանխում ճաքերը։ Էֆեկտը ուժեղացնելու համար, յուղերը կիրառելիս, կարելի է թեթև մերսում կատարել եղունգների ափսեի շուրջը։
Չափազանց կարևոր է ձեռնոցներ կրել և պաշտպանել ձեռքերը կենցաղային քիմիական նյութերից՝ մանավանդ մատնահարդարումից անմիջապես հետո։
Ձեռքերի գեղեցիկ մաշկը և խնամված եղունգները ոչ միայն էսթետիկայի, այլև առողջության ցուցանիշ են։ Վիտամինների և հանքանյութերի պակասի դեպքում մաշկը չորանում է, իսկ եղունգները դառնում են փխրուն։ Մաշկի, եղունգների և մազերի առողջությունն ու գեղեցկությունը պահպանելու համար մասնագետը կարող է խորհուրդ տալ ընդունել վիտամիններ և հանքանյութեր։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն